Հայաստանի տնտեսական ճգնաժամը շարունակվում է: Որքան էլ իշխանությունը փորձի առանձին վիճակագրական տվյալներով «վերականգնման նշույլներ» ցույց տալ, իրականությունն այլ հարթությունում է. գնաճ, պետական պարտքի աճ, սնանկացած բիզնես սուբյեկտներ, գործազրկության մակարդակի աճ, իրական հատվածում աշխատուժի կրճատում և այլն:
Այս պարագայում, ավելի քան երբևէ, Հայաստանն ունի ֆինանսական միջոցների ներգրավման խիստ կարիք: Որքան էլ ճգնաժամային իրավիճակի համար տրամաբանական է և օրինաչափ հենց պետական պարտքի գործիքի կիրառումը, Հայաստանն այսօր այստեղ ունի մեծ խնդիր երկու մասով: Առաջինը պետական պարտքի շեմն է, որն արդեն իսկ շատ մոտ է ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցության 70 %-ը հատելուն: Բայցև պետական պարտքն, ի վերջո, ինչ-որ պահից սկսած մարում է ենթադրում, իսկ մարման պարտավորության չափից դուրս մեծ լինելը ինքնին խնդրահարույց է:
Մինչդեռ միջոցներ պետք են՝ հաշվի առնելով նաև Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով առաջացած նոր ծախսերը, որոնք հետաձգման ենթակա չեն:
Այս ամենի առկայության պարագայում, սակայն, իշխանությունն իր ապիկար կառավարման արդյունքում խնդիրներ է ստեղծում բոլոր հնարավոր ուղղություններում, որտեղից կարելի էր ակնկալել անտոկոս և անվերադարձ միջոցների ներգրավում:
Խոսքն, անշուշտ, հայկական սփյուռքի աղբյուրներին է վերաբերում, որոնք տարիներ շարունակ, դժվար իրավիճակներում Հայաստանին նեցուկ են կանգնել:
Նախ, դեռ պատերազմը չավարտված, Հայաստան Համահայկական հիմնադրամի կողմից Արցախի համար նպատակային դրամահավաքի արդյունքում կուտակված միջոցներից է փոխանցվում Կառավարությանը: Թեման ունեցավ իր զարգացումները ու անկախ հանգամանքից, թե որքանով էին պատշաճ, հիմնավոր կամ ոչ այնքան բոլոր բացատրությունները, խնդիր ստեղծվեց. Հիմնադրամին գումար փոխանցողների մոտ առաջացավ այդ գումարների օգտագործման նկամամբ անվստահություն: Սա, բավական լուրջ հարված էր՝ հաշվի առնելով դեռ այն ժամանակ պատկերացնելի խնդիրների զամբյուղը, որի առաջ Հայաստանը կանգնելու էր:
Մինչդեռ սա ամենը չէ: Հայաստան համահայկական հիմնադրամին հաջորդեցին, տարատեսակ չհերքված, կամ ոճ պատճաշ հերքված տեղեկություններն առ այն, թե բանակին անհրաժեշտ որքան նյութական օժանդակություն է ուղարկվել Հայաստան, որոնք այդպես էլ տեղ չեն հասել: Շարունակելով շարքը՝ հիշեցնենք, որ այդօրինակ բացահայտմամբ հանդես եկավ նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ավելի թանկ գնված զրահաբաճկոնների պատմությամբ:
Ներկայիս Կառավարության հետևողական գործելաոճով պայմանավորված անվստահության այս շարքին ավելանում է նաև Ռուսաստանում հայերի միության փոխնախագահ Հերման Անանյանցի հայտնած մտահոգությունը news.am-ի հետ զրույցում: Նրա խոսքերով դրամահավաքի առաջին հանգանակությամբ հավաքագրվել է ավելի քան 100 միլիոն ռուբլի, բայց իրենք մինչ այժմ չգիտեն, թե դրանք ինչ են եղել:
Իսկ Հայաստանի առջև ծառացած խնդիրները նվազելու միտում չունեն ու այս իշխանության օր ավել մնալը, փաստացի, նույնքան հետաձգում է աշխարհասփյուռ մեր հայրենակիցների՝ մեր նկատմամբ վստահության հաստատումն ու դրանից բխող բոլոր դրական ու շատ անհրաժեշտ երևույթների վերականգնումը: