ԱՄՆ-ն պաշտոնական ծանուցագիրը ներկայացնելուց 30 օր հետո վերադառնում Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը` հղում տալով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությանը:
Բլինկենը նշել է, որ Վաշինգտոնը ամենակարևոր բանակցություններում բոլոր մակարդակներում կբարձրացնի կլիմայի փոփոխության խնդիրները:
Սա «կենսական նշանակություն» ունի ազգային անվտանգության, միգրացիայի, միջազգային առողջապահության, տնտեսական դիվանագիտության և առևտրային բանակցությունների ոլորտում, եզրափակել է պետքարտուղարը:
Փարիզի կլիմայական համաձայնագիրը կլիմայի վերաբերյալ առաջին համաշխարհային փաստաթուղթն է, որը 2015 թվականի դեկտեմբերին ստորագրել է ավելի քան 190 պետություն: Այն սահմանում է գլոբալ տաքացումը զսպելու գործողությունների համաշխարհային ծրագիրը: