Իշխանությունները փորձեցին ազգայինը դուրս շպրտել մեր ժողովրդի մեջից: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Ազատության մասին եք խոսում, ի՞նչ ազատություն: Սա դառնում է կամաց-կամաց ոստիկանական պետություն: Փակում են թղթակիցների ձայնը: Ձերբակալում են ամենաազնիվ, մաքուր, երկրին նվիրված մարդկանց: Ես երբ իմացա, որ Կարեն Բեքարյանին ձերբակալել են, ուղղակի ցնցվեցի: Այդ ձևի երկրին նվիրված մարդուն ինչ-որ մարդիկ ձերբակալում են: Այսպիսի պետությունում էինք մենք ուզո՞ւմ ապրեինք:
Իսկ ի՞նչ է կատարվում տնտեսության մեջ: Ի՞նչ, մեր ժողովրդի վիճակը լավացավ: Բացարձակապես՝ ոչ: Մենք ողբալի վիճակում ենք գտնվում: Կոռուպցիան վերացա՞վ: Ինձ ասում էին, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին՝ ամեն մեկին մի քանի տասնյակ հազար դոլար է տվել, որ դուրս չգան «Իմ քայլից»: Դա դեռ կստուգենք՝ ճիշտ է, թե ոչ:
Բայց դա է մեր պետությունը: Եվ հարց է առաջանում ՝ կարո՞ղ ենք մենք այս վիճակից դուրս գալ: Իսկապես կարող ենք: Մենք ուժեղ ենք և կկարողանանք այս վիճակից դուրս գալ: Բայց այս վիճակից դուրս գալու համար կա նախապայման: Այս վարչակազմը պետք է դուրս շպրտվի: Դրանից հետո կսկենք այն քայլերը, որոնք պետք է կատարվեն: Մենք ոչ միայն պետք է վերականգնենք այն ամենը, ինչ կորցրել ենք, այլ դրա վրա պետք է կառուցենք մեր երազած պետությունը:Եթե ՆԻկոլ Փաշինյանը գնա, բայց գան մարդիկ, որոնց համար իշխանական տենչը, փողը անհավասարությունը, ընտրություններին կեղծիքը մնան, մենք ոչ մի նպատակի չենք հասնի, նորից մի նոր Նիկոլ կառաջանա»,- ասաց Մանուկյանը: