Ավստրալիայի ԱԳ նախարար Մերիս Փեյնը վերահաստատել է երկրի կառավարության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը՝ «ժողովրդի ինքնորոշման իրավունքը» շեշտելով որպես երեք հիմնարար սկզբունքներից մեկը, որոնք պետք է առաջնորդեն Լեռնային Ղարաբաղը դեպի հարատև խաղաղություն: Այս մասին հայտնում է News.am-ը՝ հղում կատարելով Asbarez News-ին:
Գրասենյակի և Ավստրալիայի հայ համայնքին ուղղված պատասխան նամակում նախարար Փեյնը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարի ռեժիմը: Վերջինս միևնույն ժամանակ ընդգծել է երկու կողմերի՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի դիտարկման անհրաժեշտությունը, որը կոչ է անում հարգել «ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքները»:
Ավստրալացի նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել աջակցել ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:
Աղբյուրը հիշեցնում է, որ վերջերս ավելի քան 3000 ավստրալացիներ խնդրագիր էին ստորագրել՝ կոչ անելով Ավստրալիայի խորհրդարանին ճանաչել Արցախի Հանրապետությունը: