Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա է իրականացվում, ժամը 13։00-ի դրությամբ 57 քաղաքացի է բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին ոստիկանության լրատվության վարչությունից։
ՎԻՎ օրենսգրքի 182-րդ հոդվածը սահմանում է․ Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Նախօրեին «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի գործողությունների ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ էր արել առավոտյան ժամը 11։30-ին լինել Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, քանի որ Նիկոլ Փաշինյանն այցելելու է այդ մասնաշենք: