Աշխարհում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը փետրվարի 15-ից 21-ը նվազել է 11 տոկոսով, իսկ մահվան դեպքերը` 20 տոկոսով: Այս մասին հաղորդվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության` Ժնևում հրապարակված շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում:
Դեպքերի թվի անկումը գրանցվում է արդեն վեցերորդ շաբաթն անընդմեջ: Վերջին շաբաթվա ընթացքում գրանցվել է 2.457.026 վարակման և 66359 մահվան դեպք: Փետրվարի 21-ի դրությամբ ամբողջ աշխարհում գրանցվել է 110.763.898 վարակման և 2.455.331 մահվան դեպք:
Անցած շաբաթվա ընթացքում դեպքերի ամենանշանակալի անկումը գրանցվել էր Ամերիկայում (19 տոկոսով), Խաղաղ օվկիանոսի արևմտյան տարածաշրջանում (9 տոկոսով), Եվրոպայում (7 տոկոսով) և Արևելյան Միջերկրածովում (7 տոկոսով): Այս տարածաշրջանում մահացությունը նվազել է համապատասխանաբար 23, 6, 19 և 3 տոկոսով: Մահացության անկում է գրանցվել նաև Աֆրիկայում (20 տոկոսով) և Հարավարևելյան Ասիայում (6 տոկոսով):