Ջո Բայդենի վարչակազմը, կոչ անելով պաշտպանելու մարդու իրավունուքներն ամբողջ աշխարհում, մտադիր է այդ իրավունքները պաշտպանել նաև իր երկրում, որտեղ նախկինի պես կան «ռասիզմի և տնտեսական անարդարության» դրսևորումներ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար էնթոնի Բլինկենը, որը փետրվարի 24-ին Ժնևում ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 46-րդ նստաշրջանում, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ոչ սպիտակամորթ մարդիկ Միացյալ Նահանգներում ամեն օր հանդիպում են սիստեմատիկ ռասիզմի և տնտեսական անարդարության հետևանքների»,- խոստովանել է նա:
Բլինկենը նշել է, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմն իր կառավարման առաջին օրվանից զբաղվել է «այդ անարդարության պատճառների» վերացման ուղղությամբ, որոնք արմատացել են երկրի կենսագործունեության տարբեր ոլորտներում՝ ներառյալ բնակարանի տրամադրման համակարգը:
Նրա խոսքով, բարենորոգման կարիք ունեն, մասնավորապես, բանտային համակարգը, բուն բնակչության կենսապայմանները: Անհրաժեշտ է, ասել է նա, «պայքարել նաև այն ամերիկացների նկատմամբ խտրականության դեմ, որոնք սերում են ասիական երկրներից»: