Վրաստանում ներքաղաքական զարգացումներն ու բողոքի ակցիաները շարունակվում են: Ընդդիմությունը՝ որպես իշխանությունների հետ համաձայնության գալու հիմնական պայման է առաջ քաշում բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը, ընտրական համակարգի փոփոխություններն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Հասկանալու համար, թե ինչ ուղղությամբ կարող են գնալ զարգացումները, փորձենք վերհիշել, թե որտեղից սկսվեց ամեն ինչ:
Վրաստանի այսօրվա ներքաղաքական անկայունության ֆորմալ պատճառը փետրվարի 17-ին «Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիայի նկատմամբ Թբիլիսիի քաղաքային դատարանի կայացրած որոշումն էր, որով Մելիայի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանքը:
Քրեական գործը, որում որպես մեղադրյալ ներգրավված է ընդդմադիր գործիչը, առնչվում է 2019-ի հունիսի 20-ի իրադարձություններին, երբ Ուղղափառության խորհրդարանական վեհաժողովի 26-րդ նիստին ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի նախագահությունը դժգոհության ալիք էր բարձրացրել Վրաստանում: Ինչպես հիշում ենք, այս դժգոհությունների արդյունքում Թբիլիսիում բազմամարդ բողոքի ակցիաներ ու բախումներ եղան, հարյուրավոր մարդիկ ձերբակալվեցին:
Այսպիսով՝ վերոնշյալ գործով Վրաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով` խմբակային բռնություն կազմակերպելու և մասնակցելու համար հարուցվեց քրեական գործ, որում որպես մեղադրյալ ներգրավվեց նաև Նիկա Մելիան: Վերջինիս խափանման միջոցն էլ, ինչպես արդեն նշեցինք, փետրվարի 17-ի դատարանի որոշմամբ սահմանվեց կալանքը:
Որոշման հրապարակումից կարճ ժամանակ անց Նիկա Մելիային պաշտպանելու նպատակով գործողություններ սկսեցին վերջինիս աջակիցները: Փետրվարի 17-ին «Միացյալ ազգային շարժման» բազմաթիվ անդամներ ու համակիրներ գիշերեցին կուսակցության գրասենյակում՝ արգելելով ոստիկաններին տանել Մելիային:
Այս իրադարձություններին հաջորդեց երկրի վարչապետի՝ Գիորգի Գախարիայի հրաժարականը, ով հիմնավորեց իր որոշումն այս հարցում իշխանական թիմի հետ ունեցած տարաձայնություններով:
Ըստ Վրաստանի սահմանադրության՝ երկրի խորհրդարանը նոր վարչապետ և կառավարության կազմ ընտրելու համար ուներ 2 շաբաթ ժամանակ:
Եթե խորհրդարանը սահմանված ժամկետում չկարողանար ձևավորել նոր կառավարություն, Վրաստանի նախագահը պարտավոր էր ցրել խորհրդարանը և նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Գախարիայի հրաժարականից կարճ ժամանակ անց իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարեց վարչապետի նոր թեկնածուի անունը՝ Իրակլի Ղարիբաշվիլի: Հիշեցնենք, որ Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է նաև 2013-2015 թվականներին։
Արդեն փետրվարի 22-ին Վրաստանի խորհրդարանը հաստատեց նոր կառավարության կազմը:
Սակայն կառավարության փոփոխությունը, ինչպես տեսնում ենք, բավարար չէր բողոքի ալիքը հանդարտեցնելու համար: Ընդդիմադիրները շարունակում են պահանջել բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում, Մելիայի հանդեպ քաղաքական հետապնդման դադարեցում և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում՝ այս ամենի համատեքստում հրաժարվելով դադարեցնել բողոքի ակցիաները:
Նշենք, որ Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին ամենայն ուշադրությամբ հետևում է նաև միջազգային հանրությունը: ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն, ԱՄՆ-ն մի քանի անգամ տարբեր մակարդակներով արձագանքեցին վրաստանյան զարգացումներին՝ կոչ անելով երկխոսության միջոցով հարթել բոլոր ներպետական խնդիրները:
Իրավիճակի կայունացման կարևորությունը գիտակցում են նաև Վրաստանի ներսում: Փորձագիտական շրջանակների կողմից բավական հաճախ է շրջանառվում այն թեզը, որ ներքաղաքական խնդիրների պատճառով Վրաստանը դուրս է մնում տարածաշրջանային զարգացումներից, հետևաբար՝ կայունությունն այսօր առավել քան կարևոր է: