Կրեմլին բավարարում են Երևանից ստացված հայտարարություններն այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո եկել է այն եզրահանգման, որ իրեն սխալ են զեկուցել «Իսկանդերի» մասին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Շատ կարևոր է, որ ճշմարտությունն այս հարցում վերականգնվեց»,- ասել է Պեսկովը:
Անցյալ շաբաթ Փաշինյանը հայտարարել էր անցյալ աշնանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ընթացքում «Իսկանդեր» տակտիկական համալիրների «չպայթած» կամ «10 տոկոսով պայթած» հրթիռների մասին: Նա այդպես էր արձագանքել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի այն խոսքերին, թե հայ զինվորականները կարող էին «Իսկանդեր»-ն օգտագործել ռազմական գործողությունների հենց սկզբում: Երկուշաբթի «Արմենպրես» գործակալությունը, վկայակոչելով վարչապետի մամուլի քարտուղարին, հայտնել է, որ Պուտինը և Փաշինյանը քննարկել են այդ հայտարարությունը և «առկա փաստերի և տեղեկատվության համեմատության արդյունքում ՀՀ վարչապետը եկել է այն եզրակացության, որ իրեն սխալ է զեկուցվել տվյալ իրավիճակի մասին»: