Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը կպահպանի Լեռնային Ղարաբաղի հացով համաձայնագիրն՝ անկախ Երևանում տեղի ունեցող իրադարձություններից, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
«Մենք շատ հուսով ենք, մեծ ակնկալիք ունենք Հայաստանի ղեկավարների պատասխանատվությունից՝ անկախ նրանից, թե ինչ իրադարձություններ տեղի կունենան, պետք է իրավահաջորդություն լինի (Լեռնային Ղարաբաղի մասին համաձայնագրի իրագործման հարցում - խմբ.): Ցանկացած շարժում, ցանկացած քայլ, որոնք կհակասեն այս համաձայնագրին, կարող են հանգեցնել մեծ ողբերգության, դա չի կարելի թույլ տալ»,- ասել է նա:
Խոսնակը հիշեցրել է, որ համաձայնագրի կնքումը կայունություն բերեց Անդրկովկասին:
«Գործընթացները շարունակվում են, դրանք հեշտ չեն, բարդ են, ամեն օր նոր նրբություններ են առաջ գալիս: Բայց գլխավորն այն է, որ համաձայնությունը ձեռք է բերվել, և այժմ մենք պետք է ձգտենք, որպեսզի այն շարունակի իրագործվել՝ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ լիարժեք համաձայնությամբ»,- ընդգծել է Մատվիենկոն:
Անդրադառնալով Հայաստանում առկա իրավիճակին՝ Մատվիենկոն նշել է, որ Հայաստանը օգնության համար չի դիմել Ռուսաստանին: «Ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում, Հայաստանի ներքին գործն է: Հայաստանի ղեկավարության, իմ գործընկերոջ (ՀՀ խորհրդարանի նախագահի) կողմից Հայաստանին ինչ-որ հարցում օգնելու Ռուսաստանին ուղղված խնդրանքներ չեն եղել»,- ասել է նա։ Մատվիենկոն ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք չի խառնվում ինքնիշխան պետությունների գործերին: «Իհարկե, մենք մտահոգությամբ ենք հետևում այդ ամենին, և մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում իրավիճակը հնարավորինս արագ կայունանա: Դա կարևոր է հենց Հայաստանի, հայ ժողովրդի համար, դա, անկասկած, կարևոր է նաև տարածաշրջանում կայունության համար»,- ասել է խոսնակը: