Ռուսաստանը հրաժարվել է Երևանում գործող Հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագրից։ ՌԴ կառավարության համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում, հայտնում է Սպուտնիկ Արմենիան:
«Ընդունել Ռուսաստանի կրթության նախարարության առաջարկը, որը համաձայնեցվել է ՌԴ ԱԳՆ-ի և շահագրգիռ այլ մարմինների հետ, այն է` հայկական կողմին ծանուցել, որ ՌԴ-ն չի մասնակցի Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրին, որը վերաբերում է Երևանում գործող Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմաններին»,- գրված է փաստաթղթում։
Նշվում է, որ համաձայնագիրը կնքվել է 2015 թվականի մայիսի 14-ին:
Որոշման մասին հայկական կողմին պետք է ծանուցի ՌԴ ԱԳՆ-ն։
Հիշեցնենք` փետրվարի 8-ին ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության միջոցով փորձում է իրեն հեռացնել ռեկտորի պաշտոնից: Դարբինյանը նշել էր, որ վարչապետի թշնամանքի դրսևորման պատճառներից մեկը Փաշինյանի անթաքույց հակառուսական էությունն է։ Դրանից հետո համալսարանի ուսանողներն ու կոլեկտիվը ակցիա անցկացրին ի աջակցություն Դարբինյանի։ Այնուհետև ստուգումներ սկսվեցին բուհում։