Այս պայքարը վատ ղեկավարին լավ ղեկավարելու համար չէ, մենք վատ ղեկավար չունենք, մեր երկիրը նվաճել են թշնամիները: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարել է շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, փոխանցում է News.am-ը:
«Այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, ես ինքս ինձ համար գրառում արեցի, գրեցի՝ վերջ, Նաիրի երկիրն այլևս չի իրականանալու, որովհետև մի հսկայական ցնցում պետք է լնիի, որ հնարավոր լինի երկիրը վերակառուցել: Այդ ցնցումը, ցավոք սրտի եղավ: Մեր սխալներն ու վրիպումներն էին, որ բերեց նրան, որ թշնամին գրավեց Հայաստանը: Եթե մենք նույն ձևի շարունակենք, էլի թշնամիները կգրավեն Հայաստանը»,- ասել է նա:
Վազգեն Մանուկյանն անդրադարձել է նրան, որ ՀՀ նախագահը հետ է ուղարկել ԳՇ պետին ազատելու միջնորդությունը. «ՀՀ նախագահն ամուր է կանգնած, բայց իր ամրությունը կախված է նաև մեր ամրությունից: Ինչքան մենք ամուր կանգնած լինենք, այնքան ամուր կլինի ինքը, ամուր կլինի բանակը: Հետո հարցը հասնելու է ՍԴ: Մենք պետք է ամուր կանգնած լինենք, որ ՍԴ-ն ամուր ձևով պաշտպանի մեր ազգի, մեր բանակի շահերը: Եթե այդ կառույցների մեջքը դատարկ է, կարող է չդիմանալ, մենք պետք է ապահովենք այդ թիկունքը: Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի»,-ասել է Վազգեն Մանուկյանը: