Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ Ղարաբաղյան պատերազմում պարտությունը ծրագրված էր Հայաստանի իշխանությունների կողմից։ Ռուսական լրատվամիջոցների համար այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հայտնում է Sputnik Armenia-ն։
«Ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ առավել ևս պատերազմից հետո, շատ լուրջ կասկածներ հայտնվեցին իշխանությունների և անձամբ վարչապետի գործողությունների վերաբերյալ։ Կասկածներ հայտնվեցին իմ, երկու գեներալ-գնդապետի, երրորդ նախագահի և մարդկանց այլ խմբերի մոտ»,–ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ առաջ եկած ոչ մի հարցի վերաբերյալ խելքին մոտ որևէ բացատրություն չկա։
«Նորմալ չէ, երբ իշխանությունը չի կարող խելամիտ որևէ բացատրություն տալ։ Օրինակ` ինչո՞ւ պատերազմի 3-րդ օրը կանգնեցվեց համատարած զորահավաքը, որը զինված ուժերի համալրում էր ենթադրում։ Ինչո՞ւ վարչապետը հոկտեմբերի 19-ին չընդունեց Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ պատերազմի 4-րդ օրն իսկ իմանալով, որ պարտվելու ենք պատերազմում (ինչպես զեկուզել էին գլխավոր շտաբից)»,–ասաց Քոչարյանը։
Նա նշեց, որ սրանք հանցագործության մասին հաղորդումներ են, որոնցով պետք է զբաղվեն քննչական մարմինները։ Այս հարցերի առնչությամբ պատասխանների բացակայությունը կարող է ցանկացած ենթադրության տեղիք տալ։
«Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ այդ պարտությունը ծրագրված էր»,–նշել է Քոչարյանը:
Նա չի հասկանում, թե ինչու են պատերազմից առաջ շատ փորձառու գեներալներ պաշտոնանկ արվել։