ԱՊՀ երկրները մտադիր են ստեղծել մարդու իրավունքների հանձնաժողով՝ նման հիմնախնդիրները քաղաքականացնելու փորձերը ճնշելու, ինչպես նաև կազմակերպության հեղինակությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ուժեղացնելու համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հինգշաբթի օրը հաղորդել է Համագործակցության գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը՝ Մինսկում առցանց ձևաչափով անցկացված փորձագիտական խմբի նիստից հետո:
«Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրները հրատապ են համարում ԱՊՀ մարդու իրավունքների հանձնաժողովի ստեղծումը: Հանձնաժողովի ձևավորման փորձագիտական խմբի հանդիպումը տեղի է ունեցել մարտի 4-ին Մինսկում և հանդիպման ժամանակ այս թեմայի շուրջ կարծիքների մանրակրկիտ փոխանակում է տեղի ունեցել», - ասվում է հայտարարության մեջ:
Հանդիպմանը մասնակցած Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները կարծիք են հայտնել, որ հանձնաժողովի աշխատանքների մեկնարկը կնպաստի հումանիտար համագործակցության ոլորտում մարդու իրավունքների հարցերով ինտեգրացիոն փոխգործակցության հաստատմանը:
Հանդիպման մասնակիցները նշել են նաև, որ այն կծառայի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ԱՊՀ-ի`հետխորհրդային տարածքում առանցքային միջազգային կազմակերպություններից մեկի հեղինակության ամրապնդմանը և կօգնի հակազդել մարդու իրավունքների խնդիրները քաղաքականացնելու փորձերին: