Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով 11 թուրք զինծառայող է մահացել, իսկ 2-ը՝ վիրավորվել:
Մահացածներից մեկը Թուրքիայի ցամաքային զորքերի Էլյազըղի (Խարբերդի) 8-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Օսման Էրբաշն է:
Ո՞վ է Օսման Էրբաշը
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ թուրքական մամուլը հեղեղվել է գեներալ Էրբաշի կենսագրությունն ու գործունեության մանրամասներով: Հատկանշական է, որ Էրբաշի զինվորական գործունեության մեջ հայկական հետք նույնպես կա: Նշվում է, որ թուրք գեներալը իր ռազմական-մարտավարական գիտելիքներով օգնել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի 3-րդ պատերազմում «հաջողության հասնելու համար»:
Թուրք գեներալը կանգնած է եղել «Բայրաքթար» ԱԹՍ-ների ստեղծման ակունքներում: Էրդողանի փեսան` հիշյալ ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավար Սելչուկ Բայրաքթարը, Telegram-ում հայտնել է, որ գեներալ Էրբաշի հետ ավելի քան 10 տարի ընկերություն է արել և միասին են փորձարկել անօդաչու թռչող սարքերը:
Էրբաշի ձեռքերը թաթախված են եղել նաև քուրդ զինյալների դեմ օպերացիաներում: Նա 2010թ. ընդհանուր ուսուցում է կազմակերպել այն զինծառայողների համար, որոնք այդ օպերացիաներում պետք է կիրառեին ԱԹՍ-ներ: