Օրերս պարզ դարձավ, որ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: ՀՀ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսվում է մեղադրանք «իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի» համար:
Առաջին հայացքից սովորական թվացող հոդվածով առաջադրված մեղադրանք… Սակայն երբ մի փոքր խորանում ենք տողատակերում, ապա անմիջապես հարց է առաջանում՝ ինչո՞ւ հենց այդ խորհրդանշական հոդվածով:
Չէ՞ որ Թուրքիայում են տխրահռչակ 301-րդ հոդվածով տարիների շարունակ մեղադրանք առաջադրում և դատապարտում հայերին ու Հայկական հարցի համար պայքար մղողներին: 301-րդ հոդվածով են հետապնդում գրողների, լրագրողների, պատմաբանների, քաղաքական գործիչների, որոնք կասկածի տակ են դնում թուրքական պատմության պաշտոնական տարբերակը և 1915թ․ ծրագրված և տեղի հայ բնակչության հանդեպ դաժանաբար իրականացված զանգվածային սպանությունները՝ որպես ցեղասպանություն որակում: Այդ հոդվածով են լռեցնում նրանց, ովքեր գործում են ի պաշտպանություն հայերի, դրանով են պատժում թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանն իբրև թե «վիրավորողներին», դրանով են վախեցնում այլախոհներին: Դամոկլյան սրի պես բարձունքից ճոճվող 301-րդ հոդվածն է կիրառվել Թուրքիայի հայ լրագրող Հրանտ Դինքի, Օրհան Փամուկի, Էլիֆ Շաֆաքի և բազում այլ անձանց նկատմամբ, ովքեր համարձակվել ու համարձակվում են բարձրաձայնել հայերի արդար պահանջի մասին:
301-րդ հոդված… Ի՞նչ ուղերձ են փորձում հղել Հայաստանի ներկայիս իշխանություններն այս հոդվածը երկրի ներսում կիրառելով: Այո, Հայաստանի և Թուրքիայի Քրեական օրենսգրքերի 301-րդ հոդվածները բովանդակությամբ նույնը չեն, սակայն, երբ հաշվի ենք առնում ու վերլուծում ներկայիս իշխանությունների պահվածքը և թուրք-ադրբեջանական քայլ առ քայլ բավարարվող ախորժակը՝ կամա թե ակամա բախվում ենք նշված հարցերին:
Փաստացի հասել ենք այն վիճակին, երբ մեր երկրի ներսո՞ւմ են Հայաստանի ու հայ ազգի համար պայքար մղողների դեմ օգտագործում խորհրդանշական 301-րդ հոդվածը… Ճակատագրի հեգնա՞նք, թե՞ պարզապես զուգադիպություն: