Եվրախորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսի (Կիպրոս) նախաձեռնությամբ՝ Եվրախորհրդարանի բոլոր խոշոր խմբակցությունների 30 պատգամավորներ շտապ հարցում են ուղարկել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, փոխանցում է News.am-ը:
Պատգամավորները, մասնավորապես, խնդրել են տեղեկատվություն հաղորդել այն մասին, թե ԵՄ-ն կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկել Ադրբեջանից հայ ռազմագերիների և այլ կալանավորների, այդ թվում`ք աղաքացիական անձանց և կանանց, հայրենադարձությունն ապահովելու համար:
Եվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ գերագույն հանձնակատարին հարցրել են նաև, թե ԵՄ-ն կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկել հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, նրանց քաղաքական նպատակներով շահագործումը կանխելու և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների այցեր ապահովելու համար:
Եզրափակելով՝ եվրախորհրդարանականները հետաքրքրվել են, թե խնդրո՞ւմ է արդյոք Եվրամիությունը ադրբեջանական կողմին իրեն տրամադրել հայ ռազմագերիների ճշգրիտ թիվը, և եթե այո, ապա ինչ տեղեկատվություն է տրամադրվել:
Խոսելով գրավոր հարցման մասին՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսը հայտարարել է.
«Մենք չենք կարող լռել մարդկության դեմ հանցագործությունների առջև: Ահա թե ինչու մենք, տարբեր խմբակցությունների և ԵՄ անդամ երկրների իմ գործընկերների հետ միասին, ԵՄ-ին կոչ ենք անում հստակ քայլեր ձեռնարկել նախկինում ձեռք բերված եռակողմ համաձայնագրի 8-րդ կետը կյանքի կոչելու ուղղությամբ, մասնավորապես` Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների, ներառյալ քաղաքացիական անձանց և կանանց վերադարձի մասին: Ադրբեջանը բացահայտ խախտում է միջազգային իրավունքը: Մենք պետք է բարձրացնենք այս զուտ մարդասիրական հարցը»,- ասել է պատգամավորը: