Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆինանսական անկախության երաշխիքի վերացման Կառավարության նախագծի վերաբերյալ։
«Այս նոր օրինագիծը, եթե ընդունվի, կխաթարի Մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը և կխոչընդոտի Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանելու նրա գործունեությունը», մասնավորապես ասված է հայտարարության մեջ։
Միջազգային կազմակերպությունը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության և առկա քաղաքական ճգնաժամի համատեքստում առավել քան երբևէ կարևոր է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կարողությունների պահպանումը մարդու իրավունքների խախտումները վեր հանելու հարցում։
Հայտարարությունում Freedom House-ն անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացված մեքենաների կրճատման հարցին, փոխանցում է Panorama.am-ը։