Ադրբեջանն իր համար կարևոր ենթակառուցվածքների վերաբացումը փորձում է «վաճառել» Հայաստանի ու միջազգային հանրության վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:
«Իլհամ Ալիևը հաղորդակցության վերաբացումը դիտարկում է, որպես Արցախյան հակամարտությունն անցյալում թողնելու մեկնարկային քայլ:
Ստացվում է` նա մի կողմից ցանկանում է Հայաստանի տարածքով Նախիջևանը կապել Ադրբեջանի արևմտյան շրջաններին, ի դեպ՝ միջանցքի միջոցով, այսինքն՝ այդ ճանապարհի հանդեպ վերահսկողություն ունենալով: Մյուս կողմից՝ դա փորձում է «վաճառել» Հայաստանի ու միջազգային հանրության վրա և ցույց տալ, որ «մենք արդեն բարի հարևաններ ենք, կոնֆլիկտն անցյալում է, մյուս հարցերն ինքնուրույն կլուծենք, դե կարգավիճակի հարց էլ վաղուց ենք ասել, որ չկա»:
Իսկ ի՞նչ է անում Հայաստանի գործող իշխանությունը: Ինչպես միշտ անհասկանալի է. ԱԳՆ-ն կարծես օրակարգ ձևավորելու փորձեր է անում, վարչապետը ոչ տեսնում ոչ նկատում է շուրջը կատարվողը, ԱԳՆ-ի ու վարչապետի խոսնակները հերքում են Ալիևի խոսքերը, փոխվարչապետն էլ բանակցում է ենթակառուցվածքների վերաբերյալ ադրբեջանական երազանքների շուրջ»,- գրել է նա: