Հայաստանի Հանրապետության զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ արևելյան սահմանի մոտ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվելիք համատեղ զորավարժություններին: «Այս պահին էլ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը, Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը»,- ասաց Սարգսյանը: Ադրբեջանը և Թուրքիան մարտի 15-17-ը համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ համազորային, զորատեսակների և հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ: