ՆԱՏՕ-ն շարունակում է հանձնառու մնալ բաց դռների քաղաքականությանը, որը նախատեսում է ռազմաքաղաքական դաշինքին Վրաստանի ու Ուկրաինայի ապագա անդամակցության հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Ստոլտենբերգը հավաստիացրել է, որ դաշինքը բաց է եվրոպական բոլոր ժողովրդավարությունների համար, որոնք կրում են դաշինքի արժեքները և պատրաստ են կատարել Հյուսիսատլանտյան պայմանագրի սկզբունքները:
Զեկույցում շեշտվում է, որ դաշինքի երկրները դեռևս 2008 թվականին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ որոշում են ընդունել ՆԱՏՕ-ին Վրաստանի և Ուկրաինայի հնարավոր անդամակցությանն աջակցելու մասին:
Ստոլտենբերգը նաև գոհունակությամբ նշել է, որ 2020 թվականի մարտին դաշինքի 30-րդ անդամ է դարձել Հյուսիսային Մակեդոնիան: