Բելառուսի ընդդիմության առաջնորդ, Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ԱՄՆ-ին խնդրել է պատժամիջոցներ կիրառել Բելառուսի պետական ձեռնարկությունների, իրավական համակարգի և օլիգարխների դեմ, կոչ է արել Վաշինգտոնին օգտագործել իր դիվանագիտությունը Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյին միջազգային մակարդակով մեկուսացնելու համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք ԱՄՆ-ին կոչ ենք անում պատժամիջոցներ կիրառել պետական ձեռնարկությունների, իրավական համակարգի ու օլիգարխների դեմ: Պատժամիջոցներն ամենաարդյունավետ միջոցներից մեկն են»,-ասել է Տիխանովսկայան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջազգային կոմիտեում կայացած լսումների ժամանակ:
Միջոցառումն անցկացվել է առցանց: Տիխանովսկայան նաև կոչ է արել ԱՄՆ-ին օգտագործել իր դիվանագիտական կարողությունները Լուկաշենկոյի միջազգային մեկուսացմանը հասնելու համար: «Մենք ԱՄՆ-ին հորդորում ենք օգտագործել իր դիվանագիտությունը Լուկաշենկոյին մեկուսացնելու համար` զսպելով միջազգային պայմանագրերը Լուկաշենկոյի ռեժիմի և այլ երկրների միջև»,-ասել է նա:
Տիխանովսկայան կոչ է արել նաև մեկուսացնել Բելառուսի իշխանություններին «քաղաքականապես և տնտեսապես»: