ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի միջև չի կարող լինել ոչ մի բանավեճ, Ռուսաստանի ղեկավարի առաջարկը նախատեսում է բաց երկխոսություն: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Բնական է, որ երկու նախագահների միջև չի կարող լինել բանավեճ: Նա [Պուտինը] առաջարկել է պարզապես շարունակել երկու պետությունների ղեկավարների երկխոսությունը»,- պարզաբանել է Պեսկովը: Նա հստակեցրել է, որ Պուտինը հարց է բարձրացրել այն մասին, որ զրույցը կայանա ուղիղ եթերում: «Որովհետև պարոն Բայդենի կողմից կատարվել էին որոշակի հայտարարություններ, բավականին աննախադեպ հայտարարություններ, որպեսզի թույլ չտրվի, որ այդ հայտարարությունները վերջնականապես վնաս հասցնեն առանց այն էլ անմխիթար վիճակում գտնվող ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերություններին, նախագահ Պուտինն առաջարկել է քննարկել իրավիճակը, և դա անել բաց»,- պարզաբանել է պաշտոնյան: «Քանի որ Բայդենի բուն խոսքը բավականին աննախադեպ էր, ապա չի կարելի բացառել նաև շփման աննախադեպ ձևաչափերը»,- համոզված է Պեսկովը: Ի պատասխան հարցին՝ ո՞ր հարթակների միջոցով է հնարավոր անցկացնել առաջնորդների զրույցը, Կրեմլի ներկայացուցիչը զարմացել է. «Ի՞նչ է նշանակում որ հարթակի միջոցով: Գոյություն ունեն տեսակապ, տեսակոնֆերանսներ: Հիմա, ըստ էության, բոլոր երկրներում կյանքի մեծ մասն իրականացվում է տեսակոնֆերանսների միջոցով»: Նա հիշեցրել է, որ դրա համար ստեղծված են ինչպես բաց, այնպես էլ փակ հարթակներ: