Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան կշարունակեն համագործակցությունը տնտեսության և մշակույթի հարցերում, սակայն քաղաքական հարթությունում նրանց միջև հարաբերությունները «գրեթե մեռած են»: Այդ մասին հայտարարել է Լոնդոնում ՌԴ դեսպան Անդրեյ Կելինը բրիտանական LBC ռադիոկայանին տված հարցազրույցում:
Կելինը նշել է, որ Լոնդոնն ընտրել է Մոսկվայի հետ հարաբերությունների «թշնամական ուղին», սակայն դա չի ընկալվում ռուսական կողմից:
«Բրիտանիայի կառավարությունը ոչնչացրել է մեր հարաբերությունների հիմնական մասը, մենք պահպանում ենք դրանք առավելապես տնտեսական և մշակութային ոլորտներում: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական ոլորտին, ապա դրանք գրեթե մեռած են»,-ընդգծել է ՌԴ դեսպանը:
Կելինը պարզաբանել է, որ բրիտանիան հենվում է ՌԴ հասցեին ուղղված՝ մարդու իրավունքների խախտումների մեղադրանքների վրա: Սակայն, դիվանագետը չի համաձայնել և ասել է, որ յուրաքանչյուրն ունի իր խնդիրներն ու մոտեցումները և դա երկրի ներքին գործն է:
«Մարդու իրավունքները բարդ ոլորտ է, սակայն այդ հարցը վերաբերում է պետության ինքնիշխանությանը»,-նշել է Կելինը: