Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Ռուսաստանի համար պատժամիջոցների ռիսկերի նվազեցման անհրաժեշտության մասին՝ տեխնոլոգիական անկախության ամրապնդման, դոլարի նկատմամբ այլընտրանքային համաշխարհային արժույթների օգտագործման և միջազգային վճարային համակարգերից հրաժարվելու միջոցով, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Դուք տեսնում եք, թե ինչպես է Միացյալ Նահանգները հայտարարում ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տեխնոլոգիական զարգացման հնարավորությունները սահմանափակելու իր խնդրի մասին: Ւստի մենք պետք է պատժամիջոցների ռիսկերը նվազեցնենք մեր տեխնոլոգիական անկախության ամրապնդման, դոլարին այլընտրանք հանդիսացող ազգային արժույթներով և համաշխարհային արժույթներով հաշվարկներին անցման միջոցով»,- ասել է Լավրովը:
«Ընդհանրապես ժամանակակից միջազգային ասպարեզում որևէ մեկին պատժելը սխալ է, իսկ Ռուսաստանին ե Չինաստանին նման չափանիշով մոտենալը պարզապես անխոհեմ է»,- ասել է Լավրովը:
Մարտի 22-ին Ռուսաստանի արտգործնախարարը սկսում է իր արտասահմանյան ուղևորությունն Ասիա: Մարտի 22-25-ը Լավրովը կայցելի Չինաստան և Հարավային Կորեա:
Մարտի 23-ին Գույլին քաղաքում նա բանակցություններ կվարի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վան Իի հետ:
Մարտի 24-ին Սեուլում Լավրովը կմասնակցի Փոխադարձ փոխանակումների տարվա բացման արարողությանը, իսկ հաջորդ օրը բանակցություններ կվարի իր հարավկորեացի գործընկեր Չոն Իյ Յոնի հետ: