Չինաստանը կաջակցի Կորեական թերակղզու միջուկային խնդիրի քաղաքական կարգավորմանը և իր ավանդը կներդնի տարածաշրջանի խաղաղության և կայունության պահպանման և զարգացման համար: Այդ մասին, ինչպես հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, ասված է ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունին հղած բանավոր ուղերձում, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նշվում է, որ ուղերձը հաղորդվել է մարտի 22-ին Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի Միջազգային կապերի բաժնի ղեկավար Սուն Տաոյի կողմից Պեկինում ԿԺԴՀ-ի դեսպանի հետ կայացած հանդիպման ժամանակ:
«Չինաստանը ԿԺԴՀ-ի և մյուս շահագրգիռ կողմերի հետ համատեղ կշարժվի դեպի Կորեական թերակղզու հիմնախնդրի քաղաքական կարգավորում, ինչպես նաև կաջակցի թերակղզու խաղաղությանն ու կայունությանը և նոր դրական ավանդ կներդնի տարածաշրջանի խաղաղության, կայունության և զարգացման համար»,- ասել է Սուն Տաո: