Մարտի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշում ստորագրեց: Հանձնաժողովի կազմում, համաձայն որոշմանը կից հավելվածի, ընդգրկված են վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ով նաև հանձնաժողովի նախագահն է, ինչպես նաև պաշտպանության նախարարի տեղակալը, արտաքին գործերի նախարարի տեղակալը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը, շրջակա միջավայրի նախարարի տեղակալը, ոստիկանության պետի տեղակալը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը, սահմանապահ զորքերի հրամանատարը և Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության պետի առաջին տեղակալը:
Թե՛ հանձնաժողով ստեղծելու փաստը և թե՛ այդ հանձնաժողովի կազմը մի շարք հարցեր են առաջացնում: Նախ, կառավարության կայքում որոշման հրապարակումից հետո որևէ պաշտոնական մեկնաբանություն չեղավ ստեղծվող հանձնաժողովի գործառույթների, խնդիրների, նպատակների մասով: Սա կարևոր հարց է՝ հաշվի առնելով այն, որ բոլորիս ընկալումներում հանձնաժողովի ձևավորումն ասոցացվում է սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի խնդիրների հետ: Արդյո՞ք սա հենց դելիմիտացիոն հանձնաժողով է, որն այսքան ամիս ձգձգելուց և սահմանների որոշ հատվածներում արդեն GPS-ով տեղորոշումն անելուց ու թշնամուն հանձնելուց հետո, վերջապես ձևավորվում է: Առնվազն չի բացառվում՝ հաշվի առնելով և հանձնաժողովի կազմը:
Ես հիշեցնեմ, որ նորմալ պետությունների պարագայում պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման աշխատանքներն իրակացնելու նպատակով նախ և առաջ ձևավորվում են համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովներ, որոնց առաջնային խնդիրն է լինում իրավական, քաղաքական, տնտեսական և տեխնիկական իրավիճակի հետ կապված զեկույցի ներկայացումը: Ի դեպ, նման հանձնաժողովների ձևավորումը, որպես կանոն, զուգահեռ գործընթաց է լինում սահմանակից երկու պետություններում (այսօր Ադրբեջանում նման հանձնաժողովի ձևավորման մասի տեղեկատվություն, առնվազն, չունենք):
Հանձնաժողովի կազմում, ըստ անհրաժեշտության, ստեղծվում են նաև առանձին աշխատանքային խմբեր՝ մասնագիտական ուղղվածությամբ: Այնուհետև արդեն գործընթացը հասնում է սահմանակից երկրի հետ բանակցություններին ու խառը հանձնաժողովի ձևավորմանը: Բայց մինչ այդ փորձենք հասկանալ, թե ինչ էր ի վերջո Փաշինյանի որոշմամբ վերջերս ստեղծված հանձնաժողովը:
Եթե, այնուամենայնիվ, այն սահմանների դելիմիտացիայի նպատակով ստեղծված հանձնաժողով էր, ապա այստեղ անհասկանալի է դրա կազմում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության պաշտոնյայի ընդգրկումը: Սովորաբար, միջազգային պրակտիկայի համաձայն, նման միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկվում են պետական շահագրգիռ կառույցների ներկայացուցիչները: Երրորդ պետության միջնորդական աջակցության դիմելը ևս ընդունված պրակտիկա է, միայն թե արդեն հաջորդ փուլում՝ դեմարկացիայի և խառը հանձնաժողով ձևավորելու ընթացքում՝ երկու կողմերի համաձայնությամբ: Ինչով է պայմանավորված ռուս պաշտոնյայի ընդգրկումը՝ ևս հարց է, որի պատսխանները, սակայն, ոչ մի դրական եզրահանգման չեն բերում:
Եվ որպես ամփոփում՝ նշենք, որ պատերազմի ավարտից ավելի քան 4 ամիս անց Հայաստանի Հանրապետությունում նոր միայն ձևավորվում է պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով՝ անորոշ գործառույթներով, անհասկանալի նպատակներով և մտահոգիչ կազմով: