Շրջակա միջավայրի նախարարությունը մերժել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը Ամուլսարի ոսկու հանքը շահագործելու նպատակով Արփա գետի ներքևի հոսանքներից ավելի մեծ ծավալով ջրօգտագործման թույլտվություն տրամադրել։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՇՄ նախարարության Լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության պետի պաշտոնակատար Արտյոմ Մխիթարյանը։
Նա նշել է, որ 2020 թվականին ընկերությունն ստացել էր Արփա գետի ներքևի հոսանքներից 11 լ/վրկ ծավալով ջրօգտագործման թույլտվություն, սակայն այժմ դիմել էին 41,3 լ/վրկ ջրաքանակով ջրառ իրականացնելու համար։
Նախկինում «Լիդիան Արմենիա»-ն հայտ է ներկայացրել Արփա գետի Դարբ գետակից և Արփա գետի վերևի հոսանքներից ավելի մեծ ծավալով ջրառի համար, սակայն երկու դեպքում էլ մերժում է ստացել։ Ընկերությունն այժմ ՀՀ վարչական դատարանում վիճարկում է Դարբ գետակից ջրառ իրականացնելու նախարարության մերժումը։