Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության համաժողովի ժամանակ՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել: Վերջինս նախ մեղադրել է Մինսկի խմբի համանախագահներին 30 տարի իբրև թե ոչինչ չանելու և Ղարաբաղյան հարցը չլուծելու մեջ, այնուհետև նշել, որ Թուրքիայի աջակցության և Ադրբեջանի պայքարի շնորհիվ է վերջ դրվել Հայաստանի կողմից Արցախի հողերի «բռնազավթմանը»:
Նախ նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիայի բարձր ղեկավարությունն իր հայտարարություններով իմիջային հարվածներ է հասցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին: Վերջին տարիներին Թուրքիայի կողմից նույնաբովանդակ հայտարարություններ բազմիցս են հնչել: Նպատակն այն է, որ այսպիսի կեցվածքով Թուրքիան փորձում է մի կողմից մեծացնել և լեգիտիմացնել իր ազդեցությունը Ղարաբաղյան հակամարտության գործընթացում, մյուս կողմից՝ ողջ տարածաշրջանում: Եվ եթե նախկինում թուրքական իշխանությունները սահմանափակվում էին միայն հայտարարություններով, ապա վերջին տարիներին, առավել ևս 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո Հայաստանի իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականության պատճառով վերջիններս իրենց դիրքերն ամրապնդում են նաև գործնական տիրույթում:
Պատճառը թերևս այն է, որ Թուրքիան վերջին տարիներին չի հանդիպել հակադրության Հայաստանի իշխանությունների կողմից, և Հայաստանի վարած ոչ ճիշտ արտաքին քաղաքականության պատճառով նաև համանախագահ երկրների կողմից: Եվ այդ շարունակական լռության և պատշաճ գնահատականի բացակայության պատճառով է, որ այսօր հասել ենք այն կետին, որ Թուրքիան, ավելի հեռուն գնալով, իրեն իրավունք է վերապահում հարցականի տակ դնել ոչ միայն ԵԱՀԿ ՄԽ արդյունավետությունը, և առհասարակ տվյալ ձևաչափի՝ կյանքի իրավունք ունենալու հանգամանքը, այլ հարված է հասցնում ԵԱՀԿ կառույցին՝ ամբողջությամբ վերցված:
Փորձելով տպավորություն ստեղծել, որ այն, ինչը ԵԱՀԿ համանախագահ երկրներին միասին վերցրած չհաջողվեց ի կատար ածել 30 տարում, իրականացավ օրերի ընթացքում Ադրբեջանի պայքարի միջոցով՝ իր իսկ աջակցության շնորհիվ՝ այդպիսով Էրդողանը լեգիտիմացնում է ուժի կիրառմամբ կոնֆլիկտների լուծմանը հասնելու տարբերակը, ինչն ինքնին հարված է ԵԱՀԿ կողմից ամրագրված սկզբունքներին:
Թուրքիայի այս ապակառուցողական կերպարին և անպատժելիության զգացողության ամրապնդմանը հակազդելու համար այսօր առավել քան երբևէ Հայաստանն աշխատանքի արդյունավետության կարիք ունի ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, այլ ԵԱՀԿ կառույցի հետ ամբողջությամբ: