«Սահմանադրական դատարանն արձանագրեց և ճանաչեց Սահմանդրությանը հակասող և անվավեր Քրեական օրենսգրքի չարաբաստիկ 300.1 հոդվածը, Սահմանադարական դատարանն ընդգծեց Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածները՝ դրանով իսկ որոշակիության և համաչափության վերաբերյալ Սահմանադրությանը հակասող»,- ՍԴ-ի կողմից որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը, փոխանցում է Panorama.am -ը:
Նա նշեց՝ ցավում է, որ այս ամենը տևեց 3 տարի, բայց ի վերջո ճշմարտությունը հաղթեց։
«2018 թվականի սեպտեմբերից մեր փաստաբանական թիմը, հենց անձամբ Ռոբերտ Քոչարյանը նշում էին 300.1-րդ հոդվածի ոչ որոշակի լինելու մասին։ Իհարկե, ափսոս, որ այս ամենը պետք է արձանագրվեր միայն 2021 թվականին։ Բայց այսօր արձանագրվեց և բարձր դատարանը գտնվեց իր բարձունքի վրա։
Սա նշանակում է, որ 300.1-րդ հոդվածով ինչպես ի սկզբանե չէր կարող լինել քրեական հետապնդում, այդպես էլ այս քրեական հետապնդումը 300.1-րդ հոդվածով դադարեցվելու է»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Սահմանադրական դատարանի որոշումը մտնում է ուժի մեջ հրապարակման պահից։ Որոշումը կհրապարակվի 3-օրյա ժամկետում։