Պատերազմը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության ձախողումն էր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, փոխանցում է Aysor.am-ը։
«Պատերազմն ի ցույց դրեց, որ դա նաև Մինսկի խմբի համանախագահների գործունեության ձախողումն էր։ Իրենք ոչ միայն կոչված էին և կոչված են ստեղծել բարենպաստ մթնոլորտ բանակցությունների միջոցով հարցի կարգավորման ուղղությամբ, նրանք նաև կոչված էին և են բացառելու ռազմական լուծումը։ Սեպտեմբերի 27-ը ապացուցեց, որ իրենք ձախողվել են իրենց այդ մանդատի ուղղությամբ: Համաձայն չեմ, որ պատերազմը մեր արտաքին դիվանագիտության ձախողումն էր», - ասաց ԱԳ նախարարը։
«Բայց մեզ պետք է ուժեղ համանախագահություն, որը ոչ թե կարձանագրի ներկայիս իրավիճակը, այլ կղեկավարի գործընթացը», - նշեց նախարարը։