Հայաստանում ադրբեջանցի ռազմագերիներ չկան: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում 2020 թվականին կատարված աշխատանքի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին, հայտնում է News.am-ը:
Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանում ադրբեջանցի գերիներ կան, և եթե չկան, ապա Երևանն ունի՞ լծակներ, որպեսզի ստիպի Ադրբեջանին վերադառնալ կառուցողական հուն և հանձնել 188 հայ գերիներին:
Ի պատասխան՝ նախարարը նշեց, որ Երևանը կատարում է իր բոլոր մարդասիրական պարտավորությունները:
«Դուք նշեցիք հայ գերիների թիվը, սակայն իրականում դա իրական թիվը չէ: Այո, այդ թիվը նշել է ՄԻԵԴ-ը: Այնուամենայնիվ, գերիների թիվը տարբերվում է այդ տվյալներից, սակայն ես հիմա դա չեմ հնչեցնի»,-հավելեց Այվազյանը:
Նախարարը նաև նշեց, որ միջազգային ճնշման արդյունքում Ադրբեջանը հասկացել է, որ գերիների վերադարձը կլինի կարևոր քայլ դեպի վստահության մթնոլորտի ձևավորում: