Վերջերս ադրբեջանական ԶԼՄ-ներում քննադատությունների արշավ է սկսվել երկրում Գերմանիայի դեսպանի նկատմամբ, որը հրաժարվել է մասնակցել արտասահմանցի դիվանագետների՝ Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած շրջաններ կատարելիք ուղևորությանը:
Ինչպես հայտնում է «Թերթ»-ը՝ հղում կատարելով «Թուրան» գործակալությունը, դեսպան Վոլֆգանգ Մանիգը, մեկնաբանելով իր որոշումը, ասել է. «Որոշումն այն մասին, թե ուր և երբ կուղևորվի դեսպանը կամ դեսպանության աշխատակիցները, կախված է բոլոր գործոնների վերլուծությունից: Որոշիչ է այն հարցը՝ կուժեղացնի արդյոք դա դեսպանատան առաքելությունը, և արդյոք ուղևորությունը վտանգ չի ներկայացնում անվտանգության և առողջության համար»:
Պատասխանելով հարցին, թե ինչպիսին է ներկա պահին Գերմանիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում, դեսպանն ասել է. «Վերջին ամսվա ընթացքում դաշնային կառավարության քաղաքականությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի հարցում կենտրոնացված է եղել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հակամարտության սրումը դադարեցնելու վրա»:
«Դաշնային կառավարության գործունեության նպատակը մարտական գործողություններին վերջն դնելն է և սկսել հաշտեցումն ադրբեջանցիների և հայերի միջև»,- հավելել է դիվանագետը:
Վերջինս նշել է, որ իրենք երկու կողմերին էլ կոչ են անում վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտության կայուն կարգավորման համար: