Օրերս տեղի ունեցավ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի («Թյուրքական խորհուրդ») ոչ պաշտոնական առցանց գագաթաժողովը «Թուրքիստանը` թյուրքական աշխարհի հոգևոր մայրաքաղաք» խորագրի ներքո: Համաժողովին հեռավար մասնակցել են Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Թուրքիայի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի նախագահները, Հունգարիայի վարչապետը, ինչպես նաև Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը, գագաթաժողովը ղեկավարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:
Այն, թե ինչ են քննարկել այս անգամ «Թյուրքական խորհրդի» անդամ-պետությունները կներկայացնենք ստորև.
Գագաթաժողովի արդյունքերով ընդունված հռչակագրի համաձայն մասնակից երկրները՝
1. Հռչակել են Թուրքիստան քաղաքը՝ որպես Թյուրքական աշխարհի հոգևոր մայրաքաղաք: Համաձայնել են, որ թյուրքական աշխարհի այլ նշանավոր հին քաղաքներին ապագայում ռոտացիոն հիմունքներով կարող են տրվել նման կարգավիճակ նույնպես և հանձնարարել են քարտուղարությանը նախապատրաստել այդ հարցի վերաբերյալ կանոնակարգ` անդամ պետությունների հետ համագործակցությամբ, որը պետք է ընդունվի Արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ Թուրքիայում կայանալիք Թյուրքական խորհրդի 8-րդ գագաթաժողովին ընդառաջ:
2. Իրենց աջակցությունն են հայտնել Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի (ով հանդիսանում է նաև Թյուրքական խորհրդի պատվավոր նախագահ) նախաձեռնությանը՝ փոխելու Թյուրքական խորհրդի անվանումը և հանձնարարել են արտգործնախարարներին և քարտուղարությանը պատրաստել համապատասխան փաստաթղթեր՝ այս որոշման հիմքը Թյուրքական խորհրդի 8-րդ գագաթաժողովի ժամանակ դնելու համար, որը նախատեսվում է անցկացնել 2021-ի աշնանը Թուրքիայում:
3. Բարձր են գնահատել քարտուղարության՝ «Թյուրքական աշխարհայացք -2040» և «Թյուրքական խորհրդի ռազմավարություն 2020-2025» նախագծերի նախապատրաստման աշխատանքները և հանձնարարել են անդամ պետությունների համապատասխան մարմիններին աշխատել քարտուղարության հետ` Թուրքիայում կայանալիք հաջորդ գագաթաժողովին իրենց ազգային ընթացակարգերին համապատասխան դրանց հնարավոր հաստատմանը հասնելու համար:
4. Համերաշխություն են հայտնել Ադրբեջանի կառավարությանը և ժողովրդին և վերահաստատել իրենց ջանքերը հակամարտության արդյունքում տուժած տարածքները վերականգնելու և վերաինտեգրելու հարցում և աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը` հիմնվելով միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման և հարգանքի վրա:
5. Ընդգծել են տնտեսական հեռանկարի կարևորությունը`հանձնարարելով Թյուրքական խորհրդին ավելի հավակնոտ և իրագործելի նպատակներ առաջ քաշել՝ ռազմավարական նշանակության տարածաշրջանային նախագծեր ձեռնարկելու և արդյունավետ իրականացնելու համար, մասնավորապես` տրանսպորտի, մաքսային, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտում:
6. Նշելով հայտնի բանաստեղծ և պետական գործիչ Միր Ալիշեր Նավոյի մեծ վաստակը թյուրք ժողովրդի համար, որը մեծ ներդրում է ունեցել թյուրքական աշխարհի գրականության, արվեստի, սոցիալ-տնտեսական, գիտական և մշակութային կյանքի զարգացման մեջ և հաշվի առնելով նրա 580-ամյակի կապակցությամբ սպասվելիք միջոցառումը՝ համաձայնվել են ստեղծել «Ալիշեր Նավոյի միջազգային մրցանակ» Թյուրքական խորհրդի կազմում:
7.Հրահանգել են անդամ պետությունների պատկան մարմիններին` համագործակցելով Թյուրքական համագործակցության կազմակերպությունների հետ, կազմակերպել միջոցառումներ Յուսուֆ Բալասագունիի 1005-րդ, Նիզամի Գյանջավիի 880-րդ, Յունուս Էմրեի համաշխարհային տարվա, Ալիշեր Նավոյի 580-րդ, Ջամբուլ Ջաբաևի 175-րդ, Ալիխան Բուկեյխանովի 155-րդ, Հուսեյին Կարասաևի 120-րդ ամյակների կապակցությամբ:
8. Բարձր են գնահատել վերջին գագաթաժողովից ի վեր Թյուրքական խորհրդի քարտուղարության գործունեության նշանակալի ձեռքբերումները:
Ինչպես և սպասելի էր, օրակարգի հիմնական թեմաներից էր Ղարաբաղյան հակամարտությունը: Դեռևս գագաթաժողովից օրեր առաջ «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը (ազգությամբ՝ ղազախ) հայտնել էր, որ «սա թյուրք առաջնորդների առաջին գագաթաժողովն է Ադրբեջանի՝ Ղարաբաղում տարած հաղթանակից հետո, այդ պատճառով հասարակության աչքերում այս հանդիպման կարևորությունը մեծանում է»:
«Խորհրդի ղեկավարներն իրենց «աջակցությունը կհայտնեն Ղարաբաղի ազատագրված տարածքները վերականգնելու հարցում ... Մեր ղեկավարները մտքեր կփոխանակեն: Մեկ այլ կարևոր կետ է նաև մեր մասնավոր հատվածի մասնակցությունն Ադրբեջանի ազատագրված տարածքներում վերականգնման աշխատանքներին: Մենք պատրաստվում ենք ապրիլի վերջին Բաքվում գումարել բիզնես ֆորում` այդ կապակցությամբ քննարկելու մեր մասնավոր ներուժի օգտագործման ուղիները »,- ասել էր Ամրեևը:
Իսկ արդեն գագաթաժողովի ժամանակ, վերահաստատելով Ամրեևի խոսքերը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է, որ թյուրքալեզու երկրները պետք է աջակցեն 44-օրյա պատերազմի արդյունքում իրենց վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնմանն ուղղված Ադրբեջանի ջանքերին։ Էրդողանը նշել է, որ կարևոր է, որպեսզի թյուրքալեզու երկրները շարունակեն աջակցել Ադրբեջանին նաև Ղարաբաղում թյուրքական հուշարձանների պաշտպանության և վերածննդի գործում… Ամրեևի և Էրդողանի այս հայտարարություններն, թե ինչ ընթացք են ունեցել, լավագույնս երևում է հռչակագրի 4-րդ կետում: Հատկանշականը սակայն այն է, որ Էրդողանի այս դիրքորոշումը կիսում են նաև Թյուրքական խորհրդի մյուս երեք պետությունները՝ Ղազախստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը, որոնք Հայաստանի հետ միասին անդամակցում են տարածաշրջանային այլ կառույցների…