ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 7-ին Մոսկվա կատարելիք այցի մասին տեղեկությունը: Երկու երկրների ղեկավարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և Հայաստանում ընտրական գործընթացը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Այո, ես կարող եմ հաստատել: Իրոք, վարչապետ Փաշինյանի այցը Մոսկվա նախատեսված է ապրիլի 7-ին: Նա բանակցություններ կվարի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», - լրագրողներին ասել է Պեսկովը:
Ըստ Կրեմլի խոսնակի ՝ «առաջին հերթին կքննարկվի եռակողմ համաձայնագրի իրագործման ընթացքը, որը վերջ է տվել Ղարաբաղում ռազմական գործողություններին»:
Բացի այդ, Պեսկովը նշել է, որ բանակցությունների օրակարգում ընդգրկված են «Անդրկովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանում սկսված ընտրական գործընթացի վերաբերյալ կարծիքների փոխանակման և ռուս-հայկական համագործակցության այլ արդիական հարցեր»: