Մոսկվան վրդովված է Թբիլիսիում ռուս գրող և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանի դեմ կատարված վանդալիզմի արարքից՝ այն համարելով Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը խոչընդոտելու փորձ: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
«Ինչ էլ որ լինի այս արարքը կատարածների դրդապատճառը, նրանք արդարացում չունեն: Քաղաքակիրթ հասարակությունում նման արարքը տարակուսանք և մերժում է առաջացնում»,-ասվում է Ռուսաստանի ԱԳՆ կայքում հրապարակված Զախարովայի մեկնաբանության մեջ:
Նրա խոսքով, նման գործողություններն առավել անընդունելի են, եթե հաշվի առնենք Ա.Ս. Գրիբոյեդովի անձի մեծությունն ու նշանակությունն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Վրաստանի պատմության համար:
Միևնույն ժամանակ, Զախարովան նշել է, որ Մոսկվան այս միջադեպը և ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Պոզների նկատմամբ վերջերս իրականացված սադրանքը համարում է որպես մեկ շղթայի օղակներ: «Մենք դրանք դիտարկում ենք որպես ցանկացած միջոցով ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործընթացը խոչընդոտելու ծայրահեղական ուժերի փորձ»,-շեշտել է Զախարովան:
Նախորդ օրը անհայտ անձինք պղծել էին Գրիբոյեդովի հուշարձանը՝ դրա վրա կարմիր գրություններ անելով: