Եկամուտների ինդեքսացիան եկամուտների կորստի փոխհատուցումն է, երբ ամբողջապես կամ մասնակիորեն փոխհատուցվում են այս կամ այն պրոցեսից կրած վնասները: Ինդեքսացիան ինֆլյացիայի պայմաններում բնակչության եկամուտների որոշակի բարձրացումն է՝ գրանցված գնաճին համապատասխան:
Եկամուտների ինդեքսացիայի համաշխարհային փորձը ձևավորվել է զարգացող տնտեսություններում Երկրորդ աշխարհամարտից հետո: Նպատակը մի կողմից՝ մարդկանց եկամուտները պաշտպանելն է ինֆլյացիայի բարձր մակարդակից, մյուս կողմից՝ քիչ եկամուտ ունեցողներին աջակցելն սպառողական բարիքների ֆիքսված զամբյուղից կամ առաջին անհրաժեշտության ապրանքներից օգտվելու հարցում: Որպես եկամուտների ինդեքսացիայի ածանցյալ նպատակ կարող ենք նշել նաև բարեկեցության որոշակի շեմի պահպանումը՝ եկամուտների պարբերաբար աճի միջոցով:
Եկամուտների ինդեքսացիան տարբեր երկրներում ունի տարբեր դրսևորումներ՝ կախված բնակչության ընդգրկման ծավալներից: Այդ դրսևորումները կարելի է խմբավորել չորս հիմնական մոտեցումներում. երկրներ, որտեղ ամբողջ հասարակությունն ընդգրկված է ինդեքսավորման գործընթացներում (Բելգիա, Դանիա, Իտալիա, Իսլանդիա), երկրներ, որտեղ իդեքսացիա կիրառվում է որոշակի սոցիալական խմբերի եկամուտների նկատմամբ (Ֆրանսիա, Կանադա, Շվեյցարիա, ԱՄՆ), երկրներ, որտեղ ինդեքսացիա չի կիրառվում (Ավստրիա, Գերմանիա, Ճապոնիա, Շվեդիա), և երկրներ, որտեղ իրականացվող ինդեքսացիան ուղղակի կախվածության մեջ է տիրող իրավիճակից:
Առաջին խմբի երկրներում, որտեղ փաստացի ինդեքսավորման ենթակա են ամբողջ հասարակության եկամուտները, այդ գործառույթը հիմնականում իրականացնում են պետության կողմից սոցիալական պարտավորությունների՝ կոլեկտիվ համաձայնագրերով ամրագրման պայմաններում:
Մասնակի ինդեքսացիա ունեցող երկրներում, ինչպես օրինակ Ֆրանսիայում, գործում են տարատեսակ սահմանափակումներ: Ֆրանսիական օրինակով, օրենքով սահմանված կարգով բարեկեցության մակարդակի որոշակի շեմից վեր եկամտային խմբերում ինդեքսացիա չի կիրառվում:
Պետք է նշել, որ եկամուտների ինդեքսացիայի կիրառման էվոլյուցիայում այդ գործընթացի իրականացման տեսակները շատացել են: Կան երկրներ, որտեղ ինդեքսացիայի համար տարանջատվում են ընդհուպ մինչև առանձին ոլորտներ:
Չորրորդ խմբի երկրների փորձը ցույց է տալիս դեպքեր, երբ կառավարությունները որոշակի ոչ օրինաչափ իրավիճակում երբեմն հրաժարվել են ինդեքսացիայից: Օրինակ, 1960-ականներին Ֆինլանդիայի ազգային արժույթի տևական արժեզրկման արդյունքում արձանագրվեց հրաժարում ինդեքսացիայի գործընթացից: Դրա նախաձեռողներն արհմիություններն էին, և միայն գրեթե մեկ տասնամյակ անց ինդեքսացիան վերադարձավ կոլեկտիվ համաձայնագրեր:
Կա նաև հակառակ փորձը, 1975 թ., երբ գնաճն Ավստրալիայում հասավ ամենաբարձր մակարդակին, ներմուծվեց պարտադիր ինդեքսացիայի ինստիտուտը: Մեկ այլ օրինակ՝ Լեհաստանի փորձը, երբ 90 –ականների կարգավորման ծրագրի առանցքային բաղկացուցիչներից էր ինդեքսացիան:
Ինդեքսացիայի կիրառման էվոլյուցիայի արդյունքում առաջացել են ոչ միայն մասնակի կամ ամբողջական ինդեքսացիայի տեսակները, այլև տարանջատվել են դրա հիմքում դրված սկզբունքները: Բարեկեցության բարձր մակարդակ ունեցող երկրներում, օրինակ, գործընթացի հիմքում ոչ թե գնողունակության բարձրացումն է, այլ կյանքի որակը որոշակի մակարդակում պահելու սկզբունքը: Հասկանալի է, որ այս մոտեցմամբ ինդեքսացիան չի վերաբերում ճգնաժամային իրավիճակներին:
Ինդեքսացիայի միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ այդ գործընթացի մեւ մոտեցումների ու սկզբունքների տարբերություն կա ոչ միայն տարբեր երկրների մոտ՝ կախված տնտեսական քաղաքականության ձևերից, այլև՝ հնարավոր է նույն երկրներում տարբեր ժամանակահատվածներում, տարբեր խնդիրներից ելնելով:
Բացասական կողմերը
Ինդեքսացիայի գործընթացը պարունակում է որոշակի ռիսկեր: Միջազգային փորձի ուսումնասիրությունն ապացուցել է, որ բարձր ինֆլյացիայի և բնակչության բարեկեցության ցածր մակարդակի պայմաններում եկամուտների ինդեքսացիան կարող է էլ ավելի բարձրացնել ինֆլյացիան:
Մյուս կողմից մասսայական ինդեքսացիան, փաստացի, լրացուցիչ հարկային բեռ է հանդիսանում գործատուի համար:
Երրորդ կարևոր հանգամանքը, ինֆլյացիայի պարագայում ինդեքսացիայի կիրառությունը վկայում է, որ ինֆլյացիան այլևս անկառավարելի է, երկրի դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունն այլևս ի զորու չեն իրավիճակ շտկել:
Հակազդող գործողություններ
Ինֆլյացիայի և եկամուտների միջև ուղիղ կապն, անշուշտ, շուկայական պարզագույն կանոններից է բխում: Բայց այս քննադատության հակազդեցությունը բացասական էֆեկտի խիստ ժամկետայնությունն է: Այսինքն եկամուտների աճը, այո, նպաստելու է ինֆլյացիայի լրացուցիչ խթանման, բայց այստեղ գործում է որոշակի ժամանակային լագ, որից հետո ինքնակարգավորման գործընթաց կսկսվի:
Երկրորդ մարտահրավերը՝ հարկային բեռի ավելացումը, միջազգային պրակտիկայում չեզոքացվում է որոշակի հարկային արտոնությունների սահմանմամբ, որոնք կկոմպենսացնեն բիզնեսի համար ավելացած բեռը: Բայց դրանից զատ, այս պարագայում հաճախ պետությունները հրաժարվում են մասսայական ինդեքսացիայից՝ իրականացնելով այն մասնակիորեն:
Ինչ վերաբերում է անկառավարելի ինֆլյացիա ունենալու վկայությանը, ապա իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար այս փորձը կիրառող շատ երկրներ պարզապես սահմանում են գնաճի որոշակի շեմ, որի գերազանցումից հետո միայն կարելի է կիրառել եկամուտների ամբողջական կամ մասնակի ինդեքսացիայի գործիքը: Եվ որպես կանոն, այդ շեմը բարձր է լինում տվյալ երկրում գնաճի նպատակադրված մակարդակից:
Եկամուտների ինդեքսացիայի հարցը Հայաստանում
Հայաստանում գործում է աշխատավարձերի նվազագույն շեմի և կենսաթոշակների բարձրացման օրենսդրական գործիքակազմը: Ըստ էության, սա եկամուտների ինդեքսացիայի տրամաբանության ներքո մեզ մոտ առկա միակ մոտեցումն է:
Ինֆլյացիայով պայմանավորված եկամուտների ինդեքսացիա, որպես այդպիսին Հայաստանում չի կիրառվում և չի կիրառվել:
Տարբեր ժամանակահատվածներում այդ հարցը դարձել է արդիական, բայց չունենալով նման օրենսդրական հիմքեր, այդ քայլին Հայաստանը չի դիմել:
Այսօր ևս հարցն ակտուալ է և եկամուտների ավելացման անհրաժեշտության խնդիրը բարձրաձայնվում է, սակայն այս պահին, առնվազն իշխանության կողմից, այդպիսի գործիքակազմի կիրառության ազդակներ չեն նկատվում:
Չկիրառելու կամ այդ ուղղությամբ չմտածելու այլընտրանքը այնպիսի գործողությունների մշակումն ու իրականացումն է, որի արդյունքում պետք է վերականգնվեն տնտեսական աշխուժությունը ու տնտեսական պրոցեսներով պայմանավորված բնակչության եկամուտները:
Մինչդեռ այդպիսիք չեն երևում: Ավելին, հասկանալի չէ, թե արդյո՞ք այս իշխանությունը ցանկություն ունի առերեսվելու իրականությանը:
Մյուս կողմից օբյեկտիվորեն պետք է նշել, որ ինդեքսացիայի գործընթացը խորը վերլուծության անհարժեշտություն ունի, ինչը պահանջում է բարձր ունակություններով կադրեր պետական կառավարման ոլորում: Այս իշխանությունն իր կադրային տկարությունը ցուցադրել է, հետևաբար շատ ավելի ռիսկային կլինի նրանց կողմից այս գործընթացի մեկնարկը: