Նախօրեին տեղի ունեցավ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Այցի ընթացքում Եվրահանձնաժողովի ղեկավարը և Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել են Թուրքիայի հետաքրքրվածությունը ԵՄ-ի հետ կառուցողական բանակցությունների հարցում, ինչպես նաև Բրյուսելի պատրաստակամությունը` հաղորդելու «նոր դինամիկա» Անկարայի հետ հարաբերություններին:
Հասկանալու համար, թե հանդիպման ընթացքում ինչ թեմաներ են քննարկվել ԵՄ-Թուրքիա հարաբերություններին նոր դինամիկա տալու համար, անդրադառնանք Եվրահանձնաժողովի ղեկավարի հայտարարություններին:
Ինչպես պարզ է դառնում Ֆոն դեր Լեյենի՝ հանդիպումից հետո արած հայտարարություններից, Թուրքիան ցանկություն է հայտնել «կառուցողական կերպով վերսկսել քննարկումները Եվրամիության հետ»:
«Մենք եկել ենք Թուրքիա՝ մեր հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար: Եվ այս առումով հետաքրքիր հանդիպում ունեցանք նախագահ Էրդողանի հետ: Մենք մանրամասն քննարկել ենք չորս ոլորտ, որոնցում Եվրամիությունն ու Թուրքիան երկուսն էլ կշահեն ընդլայնված համագործակցությունից»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:
Ըստ նրա այդ ոլորտներից առաջինը՝ տնտեսական կապերի ամրապնդումն է: «Եվրամիությունը Թուրքիայի թիվ մեկ ներմուծման և արտահանման գործընկերն է: Եվ եվրոպական ընկերությունները ներդրումների կարևոր աղբյուրն են: Եվ Թուրքիան, Մաքսային միության շրջանակներում, կարևոր գործընկեր է մեր ունեցած արժեքային շղթաներում»,-ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:
Ուստիև, առևտրի հետագա խթանման համար կողմերը որոշել են անդրադառնալ Մաքսային միությունում առկա դժվարություններին: Մասնավորապես, նրանք փորձելու են արդիականացնել Մաքսային միության շրջանակները:
«Այս Մաքսային միությունը եզակի շրջանակ է, որը ոչ մի այլ երկրի հետ մենք չունենք: Հետևաբար, մենք փնտրում ենք նորարարական ուղիներ ոչ միայն արդիականացնելու Մաքսային միությունը, այլ նաև խթանելու պետական և մասնավոր համագործակցությունը՝ կենտրոնանալով կանաչ և թվային անցումների վրա»,- նշել է ֆոն դեր Լեյենը:
Ընդլայնված համագործակցության երկրորդ ոլորտը, ըստ նրա, բարձր մակարդակի երկխոսություններն են: Բարձր մակարդակի երկխոսությունում թիվ մեկ թեման պետք է լինի կլիմայի փոփոխության դեմ պայքարը, երկրորդը՝ հանրային առողջությունը:
«Մենք քննարկել ենք COVID-19 համաճարակի իրավիճակը: Քննարկել ենք պատվաստումների առաջընթացը, տարբերակները և, իհարկե, թեմաներն, ինչպիսիք են «Թվային կանաչ սերտիֆիկատը» և COVID-19-ի իրավիճակի հետ կապված այլ հարցեր»,- ասել է նա:
Երրորդ ոլորտն այն է, որ Եվրահանձնաժողովը կուսումնասիրի շարժունակության և մարդկանց միջև շփումների բարելավման ուղիները:
«Թուրքիայի մասնակցությունը Եվրամիության այնպիսի ծրագրերին, ինչպիսիք են, օրինակ, Erasmus + կամ Horizon Europe-ը, նախկինում շատ արժեքավոր են եղել: Եվ սա համագործակցություն է, որը մենք շահագրգռված կլինենք ընդլայնել առաջիկա տարիներին: Հավատում եմ, որ այն օգուտ կբերի մեզ՝ երկուսիս»,- նշել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:
Համագործակցության չորրորդ ոլորտը՝ փախստականներն են ու միգրացիոն հարցերը:
«ԵՄ-Թուրքիա 2016թ.-ի հայտարարությունը շարունակում է ուժի մեջ մնալ և դրական արդյունքներ բերել: Սա հիմնականում վերաբերում է սիրիացի փախստականներին և նրանց հյուրընկալող համայնքներին Թուրքիայում, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և մաքսանենգության դեմ պայքարին: Ուստի մենք ակնկալում ենք, որ Թուրքիան հավատարիմ կմնա իր ստանձնած պարտավորություններին և կկատարի դրանք: Այդ պորտավորությունների թվում են՝ փախստականների՝ անօրինական սահման հատելը կանխելը, նաև փախստականների՝ Հունաստանի կղզիներից Թուրքիա վերադարձի վերսկսումը առանց հետաձգման:
Սա մեզ համար կարևոր պարտավորություն է և բարի կամքի մեծ դրսևորում կլինի, երբ այս միգրացիոն համագործակցությունն արդյունք տա: Մեր կողմից մենք կշարունակենք աջակցել փախստականներին և ընդունող համայնքներին, ինչը նշանակում է, այս մարտահրավերը հաղթահարելու համար մենք աջակցում ենք Թուրքիային, որն ընդունում է չորս միլիոն փախստականների:
Հիմնական մարդասիրական կարիքները, կրթությունը և առողջապահությունը կմնան գերակա խնդիրներ: Բայց ԵՄ ֆինանսավորումը հետագայում պետք է ավելի ու ավելի մեծ հնարավորություններ ստեղծի փախստականների համար `իրենց սեփական ապրուստը վաստակելու համար:
Ես հանձնառու եմ այս ոլորտում ապահովելու եվրոպական ֆինանսավորման շարունակականությունը: Մեր աջակցությունը նշան է՝ Թուրքիայի հետ Եվրոպայի համերաշխության և ընդհանուր կայունության ներդրման»,- ասել է նա:
Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ վերջին, բայց ոչ պակաս կարևոր ոլորտն ազնիվ գործընկերությունն է:
«Եվ դա նշանակում է, որ ԵՄ-ի և Թուրքիայի համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս ուժեղացնել այն, ինչը մեզ ավելի է մոտեցնում, բայց նաև շատ անկեղծ լինել և անդրադառնալ մեզ բաժանողին: Այսօր Շառլ Միշելը և ես հստակ ընդգծեցինք, որ հիմնարար իրավունքների և օրենքի գերակայության հարգումը կարևոր նշանակություն ունեն Եվրամիության համար: Սա պետք է լինի մեր հարաբերությունների բաղկացուցիչ մասը»,- ասել է ֆոն դեր Լեյենը
Ըստ նրա՝ «Թուրքիան պետք է հարգի մարդու իրավունքների միջազգային կանոններն ու ստանդարտները, որոնց նկատմամբ, ի դեպ, երկիրը պարտավորություն է ստանձնել՝ որպես Եվրոպայի խորհրդի հիմնադիր անդամ»:
«Ես խորապես անհանգստացած եմ այն փաստից, որ Թուրքիան դուրս եկավ Ստամբուլյան կոնվենցիայից: Այն կանանց և երեխաներին բռնությունից պաշտպանելու մասին է: Եվ սա ակնհայտորեն սխալ ազդանշան է հենց այս պահին: Եվրամիությունը երբեք չի հապաղի մատնանշել հետագա բացասական զարգացումները: Սա վերաբերվում է նաև ԵՄ անդամ պետությունների՝ Հունաստանի կամ Կիպրոսի դեմ միակողմանի գործողություններին:
Ամփոփելով նշեմ, որ մենք ցանկանում ենք ապագայում առաջ շարժվել դեպի շատ ավելի լավ հարաբերություններ: Բայց մենք այս ճանապարհի սկզբում ենք: Եվ առաջիկա շաբաթներն ու ամիսները ցույց կտան, թե որքանով կարող ենք միասին գնալ այս ուղիով»,- իր խոսքը եզրափակել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:
Հետաքրքրական է այն, որ Էրդողանն անձամբ հանդիպումից հետո հրապարակային որևէ հայտարարություն չի արել: Հանդիպման արդյունքներին անդրադարձել է նրա մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընն այն էլ՝ գրավոր հայտարարությամբ:
Հայտարարությունում նշվում է, որ «հանդիպումն անցել է ընդհանուր առմամբ դրական մթնոլորտում, և հանդիպման ընթացքում մանրամասն գնահատվել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները»:
Նրա խոսքով՝ Էրդողանը ներկայացրել է Թուրքիայի հեռանկարը ԵՄ-ի հետ հարաբերությունների ապագայի վերաբերյալ` նշելով, որ լիարժեք անդամակցությունը Թուրքիայի ԵՄ գործընթացի վերջնական նպատակն է:
«ԵՄ-ն պետք է հստակ քայլեր ձեռնարկի դրական օրակարգին աջակցելու համար` կենտրոնանալով Միգրացիոն պակտի և Մաքսային միության արդիականացման վրա, ինչպես նաև Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների ազատականացման, մարդկանց միջև շփումների և բարձր մակարդակի քաղաքական խորհրդակցությունների վրա»,- նշել է խոսնակը:
Նրա խոսքով հանդիպման ժամանակ նշվել է, որ Թուրքիայի և ԵՄ-ի միջև քաղաքական, տնտեսական և սոցիալական հարաբերությունների ամրապնդումը կնպաստի ինչպես Թուրքիայի, այնպես էլ եվրոպական երկրների կայունությանը և համաշխարհային խաղաղության հաստատմանը:
Ընդգծելով, որ փախստականների խնդիրը պետք է լուծվի ընդհանուր պատասխանատվության զգացումով, հանդիպման ընթացքում նշվել է տարածաշրջանում փախստականների նոր ալիքի պատճառով ստեղծված անկայունության և հումանիտար ճգնաժամի մասին, ինչպես նաև շեշտը դրվել է միգրացիոն համաձայնագրի անհապաղ թարմացման անհրաժեշտության վրա:
Իբրահիմ Քալընը նշել է նաև, որ հանդիպման ընթացքում ընդգծվել է ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության կարևորությունն`ավելացնելով, որ կայունության և անվտանգության հասնելու համար արդյունավետ և համատեղ պայքար է մղվում բոլոր տեսակի ահաբեկչական խմբավորումների դեմ, ինչպիսիք են Իսլամական պետությունը, քրդական PKK-ն, YPG-ն և FETÖ-ն:
«Ընդգծվել է, որ Թուրքիայի և ԵՄ երկրների ընդհանուր շահերից է բխում տարածաշրջանային ճգնաժամերի կայուն լուծումները, այդ իսկ պատճառով քննարկվել են նաև Սիրիայի, Իրաքի, Լիբիայի, Ղարաբաղի և Արևելյան Միջերկրական ծովի խնդիրները: Նշվել է, որ Թուրքիայի նախագահի առաջարկած միջերկրածովյան համաժողովը նույնպես կարևոր դեր կունենա Միջերկրական ծովը խաղաղության ծովի վերածելու գործում:
Հանդիպման ժամանակ շեշտվել է նաև ԵՄ-Թուրքիա հարաբերությունները մի շարք անդամ պետությունների կողմից պատանդ վերցնելու անթույլատրելիության կարևորությունը»,- ասել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը…
Նշենք, որ այստեղ հետաքրքրականը Ղարաբաղյան թեման է: Ինչպես երևում է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակի գրավոր հայտարարությունից՝ հանդիպման ժամանակ տարածաշրջանում կայունություն հաստատելու համատեքստում քննարկվել է նաև Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումները, սակայն թե կոնկրետ ինչ է քննարկվել չի հստակեցվում: Առավել հատկանշական է այն, որ Եվրահանձնաժողովի ղեկավարն իր ծավալուն ելույթի ժամանակ գեթ մեկ անգամ չի հիշատակել Ղարաբաղի մասին, և չի քննադատել Թուրքիայի ապակառուցողական կեցվածքն ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից առաջ և հետո…