ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ակնհայտ կերպով փորձում էր հայ-ռուսական իբրև թե հագեցած, բաց միևնույն ժամանակ խիստ արհեստական, իսկ երբեմն նաև՝ կեղծ օրակարգ ցույց տալ: Հաշվի առնելով հանգամանքը, որը այդ հանդիպմանը պետք է հնչեին մեզ համար խիստ կարևոր ու առաջնային հարցեր, որոնք չհնչեցին պատշաճ, կամ չհնչեցին առհասարակ, Փաշինյանի կողմից ՌԴ հետ իբրև թե լավ հարաբերությունների իմիտացիան չէր էլ կարող ընկալվել լուրջ: Ընդ որում, ո՛չ մեր հանրության կողմից, ո՛չ վստահաբար՝ գործընկերոջ:
Բացի այն, որ ՌԴ հետ նոր ատոմակայան կառուցելու, կամ ավելի խորքային ռազմական համագործակցության մասին Փաշինյանի դիտարկումները Պուտինի կողմից մնացին անպատասխան, և դա այս իշխանության հետ իրական հայ-ռուսական օրակարգի աղքատության մասին է խոսում, Փաշինյանը մեկ այլ հարցով տվեց սխալ պատասխան՝ կա՛մ իրավիճակին չտիրապետելու պատճառով, կա՛մ արդեն սովորական ձեռագրի տարամաբանության ներքո:
ՌԴ նախագահի հարցին ի պատասխան, թե՞ ավարտել է արդյոք ՀՀ-ում ռուսական Sputnik V-ի գրանցման գործընթացը, Փաշինյանը դրական պատասխան տվեց, ինչը սխալ ինֆորմացիա էր:
Հանդիպման հաջորդ օրը՝ ապրիլի 8-ին, լրագրողների հետ ճեպազրույցում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այդ կապակցությամբ բառացիորեն նշեց է. «Օրենքն ունի մի քանի մեխանիզմ, այդ մեխանիզմներից մեկն էլ հանդիսանում է արտակարգ իրավիճակներում թույլտվություն, որպեսզի այդ պատվաստանյութը օգտագործվի, և այդ թույլտվությունը տրված է: Բոլոր պատվաստանյութերը, որոնք կավարտեն կլինիկական հետազոտությունների երրորդ փուլը, ինչ-որ մի փուլում այդպիսի ավարտական գրանցման վկայական կստանան: Մենք ունենք բոլոր իրավական հիմքերը Sputnik V-ն գրանցելու»:
Բանն այն է, որ պատվաստանյութը գրանցելու իրավական հիմքեր ունենալը դեռ չի նշանակում, որ պատվաստանյութի գրանցման գործընթացն ավարտված է: Եվ այդ մասին երկրի ղեկավարը պետք է տեղյակ լիներ:
Բայց սա պատվաստանյութի թեմայի հետ կապված միակ խնդիրը չէր: Հանդիպման ընթացքում Փաշինյանը նշեց, որ ապրիլի 8-ին, այսինքն հանդիպման հաջորդ օրը, Հայաստանը կստանա Sputnik V-ի առաջին խմբաքանակը:
Հիշեցնենք, որ մարտ ամսի վերջում Հայաստանն արդեն ներկրել էր AstraZeneca ընկերության դեղաչափ պատվաստանյութ: Իսկ ռուսական պատվաստանյութի հետ կապված մեզ հայտնի էր միայն, որ բանակցություններ էին վարվում:
Ակնհայտ է, որ հերթական անգամ բախվում ենք անորոշ և անտրամաբանական գործընթացների, որոնց կուլիսային զարգացումների մասին տեղեկանում ենք ամենավերջում՝ փաստի արձանագրումից հետո:
Շատ հատկանշական է, որ սա արվում է իրեն «ամենաթափանցիկ» ու ժողովրդի հետ «ամենաարդար» հայտարարած իշխանության կողմից: