Լիբիայի նոր վարչապետ Աբդել Համիդ Դբեյբայի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա իր առաջին այցը կկատարի երկուշաբթի, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Էրդողանի գրասենյակին:
Հիշեցնենք՝ Լիբիայի միասնության նոր կառավարության երդմնակալությունը տեղի է ունեցել մարտի 15-ին:
Թուրքիան սատարում է Տրիպոլիում տեղակայված Ազգային համաձայնության կառավարությանն ընդդեմ Լիբիայի արևելքում տեղակայված Ազգային բանակի, որը գլխավորում է գեներալ Խալիֆա Խաֆթարը:
Թուրքիայում հայտնել են, որ Դբեյբան կժամանի երկօրյա պաշտոնական այցով՝ նշելով, որ նրանք Էրդողանի հետ կհամանախագահեն Անկարայում բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության թուրք-լիբիական միության առաջին նիստի ժամանակ:
«Խորհրդի նիստի ժամանակ, որին կմասնակցեն համապատասխան նախարարները, կքննարկվեն թուրք-լիբիական հարաբերությունների բոլոր ասպեկտները, որոնք ունեն խորը պատմական կապեր, գնահատվել են քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել համագործակցության հետագա բարելավման համար»,-նշել են Թուրքիայի նախագահի գրասենյակում:
Թուրքական պետական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Դբեյբան կայցելի Անկարա պատվիրակությամբ, որի կազմում են 14 նախարարներ, 5 փոխվարչապետեր, աշխատակազմի ղեկավարներ և այլ պաշտոնատար անձինք: Բացի այդ, կքննարկվի համագործակցությունն էներգետիկայի և առողջապահության ոլորտում, ինչպես նաև թուրքական ընկերությունների նախագծերի վերականգնման հարցերը, որոնք կասեցվել էին պատերազմի ժամանակ:
Թուրքիան հայտարարել է, որ թուրքական ընկերություններն ակտիվ մասնակցություն կունենան երկրի վերականգնման գործում: