Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ է Ուկրաինայում պատերազմի վերսկսմանը, աջակցում է Մինսկի պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, չի ճանաչում Ղրիմի «բռնակցումը» Ռուսաստանի կողմից, աջակցում է «Ղրիմի հարթակին», խորացնում է Ուկրաինայի հետ հարաբերությունները ռազմական ոլորտում, սակայն այն ուղղված չէ երրորդ երկրի դեմ… Ահա այս ուղերձները հղեց Թուրքիայի նախագահն ուկրաինացի իր պաշտոնակցի՝ Վլադմիրի Զելենսկիի հետ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ: Տպավորություն է ստեղծվում, որ ագրեսիվ քաղաքականությամբ հայտնի Թուրքիայի նախագահը սկսել է կառուցողականություն դրսևորել, սակայն դա միայն առաջին հայացքից:
Իրականում Ուկրաինայի նախագահ Վալդիմիր Զելենսկիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Անկարայում կայացած հանդիպումը ևս մեկ անգամ ի ցույց դրեց Էրդողանի վարած երկակի չափանիշների քաղաքականությունը: Վերջինս հավատարիմ մնալով իր վաղեմի սովորությանը կրկին փորձ է կատարում հմտորեն մանևրել Ռուսաստանի և Արևմուտքի միջև:
Նախ նշենք, որ ռուս-թուրքական օրակարգը չի կարելի կապել միայն Ուկրաինայի, Դոնբասի և Ղրիմի հետ: Այդ օրակարգն ավելի լայն է, հետևաբար՝ մեկ վայրում առաջացած խնդիրներն ուսումնասիրելիս հարկավոր է դիտարկել այդ օրակարգն ամբողջությամբ վերցրած: Սակայն, եթե միայն նայենք այս հարցում տիրող իրավիճակին, ապա մի կողմից Էրդողանը փորձում է հավաստիացնել Ռուսաստանին, որ իր գործողություններն ուղղված չեն վերջինիս դեմ, մյուս կողմից իր անվերապահ աջակցությունն է հայտնում Ուկրաինայի «տարածքային ամբողջականությանը» և քննարկում Ուկրաինային ռազմական տեխնիկա մատակարարելու հնարավորությունները: Նման քաղաքականությամբ Էրդողանը փորձում է ոչ միայն իր ազդեցությունը մեծացնել Ուկրաինայի տարածքում, այլ նաև իր նկրտումներն իրականություն դարձնել Ղրիմի հարցում: Բանն այն է, որ Դոնբասում ստեղծված պայթունավտանգ իրավիճակը և Ուկրաինայի ներկայիս նախագահի բարիդրացիական դիրքորոշումն Էրդողանի նկատմամբ մի շարք հնարավորություններ են ստեղծում այդ թվում վերջինիս հեռահար նպատակների համար: Այս համատեքստում հարկ է նշել, որ «կառուցողականության» ներքո «Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն» աջակցություն հայտնելը հենց այդ հեռահար նպատակների իրականացման մի մասն է կազմում: Էրդողանը բազմիցս է նշել հատկապես Ղրիմի նկատմամբ ունեցած իր նկրտումների մասին: Անցած տարի թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում վերջինս հանդգնեց բացահայտ նշել, որ Ռուսաստանը «1783 թվականին Ղրիմը վերցրել է Օսմանյան կայսրությունից», ուստի թերակղզին «պետք է վերադարձվի ժամանակակից Թուրքիային»: Իսկ «վերադարձի» համար Ղրիմը Ռուսաստանի կազմում մեկ բան է, Ուկրաինայի կազմում մեկ այլ բան՝ հատկապես աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումների ֆոնին:
Սակայն Էրդողանը գիտակցում է, որ Ղրիմի հարցում Ռուսաստանի հետ անմիջական պայքարի մեջ մտնելը լի է լինելու մարտահրավերներով առաջին հերթին իր երկրի համար: Այդ իսկ պատճառով վերջինս մի կողմից փորձում է «հավաստիացնել» Ռուսաստանին, որ Ուկրաինայի հետ հարաբերությունների սերտացումն ուղղված չէ վերջինիս դեմ, մյուս կողմից փորձում է իր նպատակին հասնել այլ, այսպես ասած, զարտուղի ճանապարհով՝ Արևմուտքի ներգրավմամբ: Հասկանո՞ւմ են Ռուսաստանում Թուրքիայի այս երկակի քաղաքականությունը, իհարկե, այո: Այդ մասին լավագույնս երևում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախօրեին արած հայտարարությունից, որում վերջինս մասնավորապես կոչ է անոմ Թուրքիային «չսնել Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները և զերծ մնալ Ուկրաինայի հետ այս կամ այն ռազմական տեխնիկա մատակարարելու հնարավորության մասին քննարկումներ անցկացնելուց»...
Ամփոփելով կարելի է ասել, որ տեղի ունեցող զարգացումներն առնվազն չեն բացառում ռուս-թուրքական հարաբերությունների որոշակի սրացում շատ մոտ ապագայում: Այն ամենն ինչ այսօր տեսանելի է, թույլ է տալիս եզրակացանել, որ մենք այս պահին այդ հարաբերությունների սրացման նախաշեմին ենք գտնվում: