ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը ՌԴ-ից, Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից և Էնդրյու Շոֆերն ԱՄՆ-ից ապրիի 13-ին հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.
Համանախագահները գոհունակությամբ են արձանագրում հրադադարի ամրապնդումը և խստորեն մշտադիտարկում են 2020թ. նոյեմբերի 9-ին կողմերի միջև ձեռք բերված համաձայնության կատաումը: Համանախագահները ողջունում են շոշափելի ձեռքբերումները՝ առնչվող զոհերի դիերի վերադարձին և հակամարտության հետևանքով տեղահանվածների վերաբնակեցման առաջընթացին, որն ընթացքի մեջ է, հումանիտար աջակցության տրամադրմանն ու բնակության համար հարիր պայմանների ստեղծմանը, ինչպես նաև կառուցողական երկխոսությունը՝ ուղղված տարածաշրջանում փոխադրումների և հաղորդակցությունների վերականգնմանը:
Համանախագահները հիշեցնում են կողմերին, որ անհարժեշտ են հավելյալ ջանքեր՝ ուղղված մտահոգություն ներկայացնող մյուս ոլորտների կարգավորմանն ու փոխադարձ վստահության մթնոլորտի կառուցմանը, որն անհրաժեշտ է հարատև խաղաղության համար: Դա ներառում է այդ թվում՝ հետևյալ հարցերը. ռազմագերների և պահվող այլ անձանց վերադարձ՝ համահունչ միջազգային մարդասիրական իրավունքին, հակամարտության գոտու արդյունավետ ականազերծման համար անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում, Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումների վերացում՝ ներառյալ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար, կրոնական և մշակութային ժառանգության պահպանում և պաշտպանություն, ինչպես նաև հակամարտությունից տուժած համայնքների միջև ուղիղ շփումների և համագործակցության խթանում՝ ներառող միջանձնային վստահության կառուցման միջոցառումներ:
Հաշվի առնելով իրենց ԵԱՀԿ-ից ստացած մանդատն ու կայուն, խաղաղ ու զարգացող ապագա կառուցելու տարածաշրջանի բոլոր ժողովուրդների ձգտումը՝ համանախագահները շեշտում են, որ հատուկ ուշադրություն պետք է դարձվի վերջնական համապարփակ և կայուն կարգավորմանը հասնելուն՝ կողմերին քաջ ծանոթ տարրերի և սկզբունքների հիման վրա:
Այս համատեքստում, Համանախագահները կոչ են անում կողմերին առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի երկխոսությունը համանախագահների միջնորդությամբ: Նրանք վերահաստատում են իրենց առաջարկը՝ կազմակերպել ուղիղ երկկողմանի խորհրդակցություններ իրենց միջնորդությամբ, որպեսզի կողմերը կարողանան վերանայել և միասին համաձայնեցնել կառուցվածքային օրակարգ, որը կարտահայտի իրենց գերակայությունները՝ առանց նախապայմանների:
Համանախագահները նաև իրենց մեծ աջակցությունն են հայտնում ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության գործունեության շարունակմանն ու հնարավոր ընդլայնմանը, և կոչ են անում կողմերին լիարժեք հասանելիություն ապահովել նրանց համար և աջակցել նրանց ջանքերին: Համանախագահներն ընդգծում են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքային այցերը տարածաշրջան՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ՝ իրենց գնահատականը տալու և միջնորդական դերը կատարելու համար: Այս առնչությամբ, համանախագահները հիշեցնում են կողմերին, որ անհրաժեշտ է համանախագահներին ճամփորդելու համար անխոչընդոտ մուտք և տեղաշարժի առավելագույն ճկունություն տրամադրել՝ համաձայն իրենց մանդատի և նախորդող պրակտիկայի: