ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել այսօր ՀՀ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները մեկնաբանելու հարցումներին ի պատասխան:
«Ազգային Ժողովում կապիտուլյանտի այսօր հնչեցրած ստերի առիթով խնդրում ենք զանգվածային լրատվամիջոցներին այլևս չդիմել և հարցումներ չուղարկել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ՝ այդ զառանցանքներին մեր արձագանքը ստանալու ակնկալիքով:
Երկար ժամանակ մենք մանրամասն և փաստարկված պատասխանում էինք նրա հերյուրանքներին, ի ցույց դնում նրա կեղծիքները, իրականության նենգափոխումը և տգիտությունը, սակայն կապիտուլյանտը համառորեն շարունակում է իր կեղտոտ մանիպուլյացիաները:
Ակնհայտ է, որ նրան նույն թեմաներով, նույն հարցերի շրջանակում պատասխանելն անիմաստ է, քանզի նրա ցինիկ ստերն ու կեղծիքները բացահայտող բազմաթիվ փաստեր, այդ թվում՝ դիվանագիտական, ռազմական, քաղաքական ոլորտներում, վաղուց հանրության սեփականությունն են և հեշտությամբ հասանելի են համացանցում»,- ասված է հայտարարության մեջ: