«Ստամբուլ» ջրանցքի վրա չի տարածվի Բոսֆորի և Դարդանելի կարգավիճակի վերաբերյալ Մոնտրյոյի կոնվենցիան: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրատ Քուրումը հայտարարել էր, որ Անկարան հավանություն է տվել «Ստամբուլի» ջրանցքի կառուցման ծրագրին, որը զուգահեռ կգործի Բոսֆորին և կկապի Մարմարա ծովը Սև ծովի հետ: Արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուի խոսքով էլ, նեղուցի նախագիծը ուղղված չէ Թուրքիայի կողմից Մոնտրոյի կոնվենցիայից հրաժարվելուն:
«Ստամբուլի ջրանցքը կապ չունի Մոնտրյոյի կոնվենցիայի հետ: Մոնտրյոն Բոսֆորին վերաբերող համաձայնագիր է: Հետևաբար, այստեղ մենք ստանում ենք մեր ինքնուրույնությունը, ինքնիշխանությունը», - ասել է Էրդողանը:
Նոր ջրանցքի կառուցման մասին, որը կկապի Սև ծովը Մարմարա ծովի հետ, Էրդողանն առաջին անգամ խոսել է 2011թ.-ին, երբ դեռ Թուրքիայի վարչապետն էր: Նոր նեղուցի կառուցման նախագիծը, եթե իրականացվի, կդառնա Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր ենթակառուցվածքային նախաձեռնությունը և կտրուկ կնվազեցնի Բոսֆորի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը: