Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունը պետք է ուժեղացնի ջանքերը՝ Դոնբասում շփման գծի երկու կողմերում տիրող իրավիճակի, առաջին հերթին՝ խաղաղ բնակիչների մահվան դեպքերը դիտարկելու համար: Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր շվեդ գործընկեր և ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մտահոգություն է արտահայտվել Կիևի կողմից շփման գիծ անձնակազմի և զենքի տեղափոխման հետևանքով հակամարտության սրման, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի մատույցներում Ուկրաինայի զինված ուժերի կողմից պարբերական գնդակոծման հետ կապված հակամարտության սրման վերաբերյալ: Հաստատվել է Մոսկվայի շահագրգռվածությունը հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով և Մինսկի միջոցառումների փաթեթի անվիճելի հիմքերով լուծելու վերաբերյալ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: