Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 15-ի նիստում ընդունել է «Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիք ստեղծելու մասին» որոշում, փոխանցում է news.am-ը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Իրանում Հայաստանի առևտրական կցորդի հաստիքի ստեղծումը թույլ կտա առավել արդյունավետ ներկայացնել ՀՀ տնտեսական շահերն առևտրին և տնտեսական համագործակցությանն առնչվող տարբեր ոլորտներում, դյուրացնել հայկական և իրանական տնտեսավարող սուբյեկտների կողմից առևտրատնտեսական համագործակցության բնագավառում գործարքների իրականացումը, ինչպես նաև օժանդակել երկու երկրների միջև գործարար նախաձեռնությունների ակտիվացմանը:
Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` ՀՀ-ի առևտրաշրջանառությունն ԻԻՀ-ի հետ 2020 թվականին կազմել է 400,2 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝ արտահանումը Հայաստանից Իրան կազմել է 84,8 մլն ԱՄՆ դոլար, իսկ Իրանից Հայաստան ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 315,4 մլն ԱՄՆ դոլար։ Ներկայումս երկուստեք քննարկվում է Հայաստանում համատեղ ընկերություններ կամ իրանական ընկերությունների մասնաճյուղեր հիմնելու հետ կապված հարցերը։ Այդ գործընթացներում կարևորվում է նաև տրանսպորտային խոչընդոտների վերացումը և ֆինանսական փոխանցումների դյուրացմանն ուղղված համատեղ քայլերի ձեռնարկումը։ Ըստ հիմնավորման՝քննարկումներ են ընթանում առևտրական ներկայացուցիչների և կցորդների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ։