Շվեյցարիան պատրաստ է հարթակ տրամադրել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հնարավոր հանդիպման համար, եթե դրա անհրաժեշտությունը լինի: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի Արտաքին հարցերով դաշնային վարչության պաշտոնական ներկայացուցիչը:
«Շվեյցարիան պատրաստ է իր ծառայությունները մատուցել, եթե դրանք օգտակար և ցանկալի են: Ծառայությունները ներառում են նաև ընդունող կողմի գործառույթների կատարում կամ օգնություն հանդիպումների կազմակերպման հարցում»,- ասել է պաշտոնյան՝ պատասխանելով հարցին, թե պատրաստ է արդյոք Շվեյցարիան ընդունել ՌԴ-ԱՄՆ գագաթաժողովը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում առաջարկել էր նրան անձնական հանդիպում անցկացնել երրորդ երկրում: ԱՄՆ պետքարտուղար Թոնի Բլինկենը հստակեցրել էր, որ Բայդենն առաջարկել է Պուտինին հանդիպել առաջիկա շաբաթներին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ոչ ոք չի շտապելու նախագահների հանդիպում կազմակերպել, գլխավորն այն է, որ ԱՄՆ-ի այս նախաձեռնությունը փոխկապակցված լինի իրական գործերի հետ: