ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել Ռուսաստանին նվիրված ելույթով, որում գնահատել է Վաշինգտոնի ու Մոսկվայի հարաբերությունների հեռանկարները։
Նա հիշեցրել է շաբաթվա սկզբին նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը և նշել, որ այդ կապը «բաց և հարգալից էր». «Մենք ներկայացնում ենք երկու մեծ տերություններ, որոնք մեծ պատասխանատվություն են կրում գլոբալ կայունության համար: Նախագահ Պուտինն ու ես էական պատասխանատվություն ունենք պահպանել այդ հարաբերությունները աշխատանքային վիճակում», - բացատրել է ամերիկացի առաջնորդը:
Բայդենը ռուսներին ու ամերիկացիներին անվանել է «հպարտ ու հայրենասեր ժողովուրդներ», որոնք «շահագրգռված են խաղաղ ու ապահով ապագայով»:
Վերջինս ասել է նաև, որ նախորդ օրն ինքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ էր սահմանել «ԱՄՆ ընտրություններին միջամտելու պատճառով»: Նա ավելացրել է, որ «կարող էր ավելի հեռուն գնալ իր հակադարձմամբ», սակայն, «նա ընտրել է այլ գործողությունների ձև և նախընտրել պատասխան հակահարված՝ պատճառված վնասին»:
«ԱՄՆ-ը չի ցանկանում Ռուսաստանի հետ սրման և բախման մեկ այլ շրջան սկսել: Մենք ցանկանում ենք կայուն, կանխատեսելի հարաբերություններ: Բայց եթե Ռուսաստանը շարունակի միջամտել մեր ժողովրդավարության գործերին, ես պատրաստ եմ նոր պատասխան քայլերի», - ասել է Բայդենը։
Նա նշել է Ռուսաստանի նախագահի հետ անձնական շփման կարևորությունը: Նրա կարծիքով, դա կարող է օգնել բարելավել ռուս-ամերիկյան հարաբերությունները:
Բայդենը վստահություն է հայտնել նաև, որ Վաշինգտոնն ու Մոսկվան կարող են միասին աշխատել բազմաթիվ գլոբալ հարցերի շուրջ, մասնավորապես` զենքի վերահսկման և անվտանգության հարցերում: Որպես օրինակ նա բերել է START III պայմանագրի հնգամյա երկարացումը:
«Մենք պայմանավորվեցինք, որ միասին կարող ենք հաղթահարել կարևոր գլոբալ մարտահրավերները, որոնք ԱՄՆ-ից և Ռուսաստանից պահանջում են համատեղ աշխատել: Այս մարտահրավերները ներառում են Իրանի և Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքը, ներկայիս համաճարակի ավարտը, կլիմայի փոփոխության էքզիստենցիալ սպառնալիքի դեմ պայքարը», - ասել է ամերիկացի առաջնորդը:
Նրա խոսքով ՝ ԱՄՆ-ն աջակցում է Եվրոպայում դաշնակիցներին ու գործընկերներին, ինչպես նաև Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: