ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել նախագահ Ջո Բայդենին հետ կանչել ամերիկյան զորքերը Աֆղանստանից մինչև սեպտեմբերի 11-ը:
«Աֆղանստանից հեռանալը հրաշալի և դրական քայլ է: Ես նախատեսում էի դուրս գալ մայիսի 1-ին, և մենք պետք է որքան կարելի է ավելի մոտ մնանք այդ գրաֆիկին»,-նախկին նախագահի հայտարարությունը մեջբերում են ամերիկյան ԶԼՄ-ները, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Նրա խոսքով՝ երկու պատճառ կա այն բանի համար, որպեսզի ԱՄՆ-ի զինվորականներին Աֆղանստանից դուրս բերենք մինչև սեպտեմբերի 11-ը:
«Մենք կարող ենք և պետք է ավելի շուտ դուրս գանք: Տասնինը տարին բավական է, իսկապես, չափազանց շատ է և չափազանց երկար»,-նշել է Թրամփը: Բացի այդ, սեպտեմբերի 11-ը, նրա կարծիքով, պետք է «մտորումների և հիշողության օր մնա՝ ի պատիվ այն մեծ անձանց, որոնց մենք կորցրել ենք»:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը որոշում էր ընդունել մայիսի 1-ին սկսել զորքերի դուրսբերումն Աֆղանստանից: Այդ գործընթացը պլանավորվում է ավարտել մինչև 2021 թվականի սեպտեմբերի 11-ը: