Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը պետք է հրաժարական տա Պրահայի և Մոսկվայի միջև առկա ճգնաժամի վերաբերյալ իր խոսքերի պատճառով: Այս մասին ապրիլի 20-ին հայտարարել է ընդդիմադիր TOP-09 կուսակցության նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան, գրում է «EADaily»-ն:
Չեխիայի խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները սուր քննադատության են ենթարկել Անդրեյ Բաբիշի վերջերս արած հայտարարությունն առ այն, որ 2014-ին Վրբետիցեում զինամթերքի պահեստի ռմբակոծումը «պետական ահաբեկչության գործողություն չէր»: Ըստ հանրապետության վարչապետի ՝ «Ռուսաստանը հարձակվել է ոչ թե Չեխիայի, այլ բուլղարական զենք վաճառողի ապրանքների վրա, որը, ըստ երևույթին, դրանք վաճառում էր Ռուսաստանի դեմ կռվող երկրներին»:
Ընդդիմության կարծիքով, կառավարության ղեկավարի նման հայտարարությունը «սկանդալային է»:
«Այսինքն, ըստ վարչապետի, սա ահաբեկչություն չէ՞ր Չեխիայի Հանրապետության դեմ: Ի՞նչ էր դա այդ դեպքում: Մի քանի ռուս գործակալներ շրջագայության են եկել և սխալմամբ ռումբը մոռացե՞լ են մեր ռազմական պահեստում: Արդյոք մենք չպե՞տք է ներողություն խնդրենք նրանցից, որ պայթյունը տեղի է ունեցել շատ արագ»,-Բաբիշի խոսքերը մեկնաբանել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Մարիան Յուրեչկան: